ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվե են հոգեբուժական ծառայության հիմնախնդիրներին, հանրապետության հոգեբուժական հաստատություններում տիրող ներկա իրավիճակին, դեղերի շրջանառությանը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովմանը, այդ թվում' ժամկետանց դեղերի բացառմանը վերաբերող և այլ հարցեր։ Խիստ քննարկման առակա են դարձել նաև հիվանդանոցների ընդհանուր սանիտարական վիճակին, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը:

 

Վերջին երեք ամիսների ընթացքում սա հոգեբուժարանների հիմնախնդիրներին նվիրված երրորդ քննարկումն է։ Բացի այդ, Արմեն Մուրադյանն այցելել է հանրապետության տարբեր հոգեբուժական հաստատություններ, տվել կոնկրետ հանձնարարականներ:

 

Առողջապահության նախարարը հանրապետության հոգեբուժական կենտրոնների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել հոգեբուժական ծառայություններին առնչվող խնդիրներին' սկսած հիվանդանոցների տարրական պայմաններից, պահեստներից ու խոհանոցներից, ներառյալ առաջին բուժօգնություն և կարդիոռեանիմացիա, ընդգծելով, որ նշված բոլոր հարցերը բարձրացվել և մասնագիտական վերլուծություն է կատարվել դեռևս նախորդ' մայիս-հունիս ամիսներին հոգեբուժարաններ կատարած իր այցերի ընթացքում: Արմեն Մուրադյանը հոգեբուժական հիվանդանոցների տնօրեններին հանձնարարել է երկօրյա ժամկետում հոգեբուժարաններում շտկել իրավիճակը, հակառակ դեպքում խիստ միջոցներ կձեռնարկվեն:

 

«Հստակ պահանջ եմ ներկայացնում ձեզ' մինչև երկուշաբթի օրը հոգեբուժական հաստատություններում սանիտարական վիճակը բերել պատշաճ մակարդակի և ապահովել որակյալ հոգեբուժական ծառայություն»: Նախարարը հանձնարարել է խիստ հսկողության ներքո պահել թե՛ անվտանգության հարցերը' սկսած բժշկական օգնությունից մինչև հակահրդեհային համակարգ, թե՛ ճաշացանկը' ներառյալ սննդի պահպանման ժամկետներն ու կալորիականությունը։ Պահանջվել է մշտապես ուշադրության կենտրոնում պահել դեղերի շրջանառությունը, գրանցամատյանների վարումը, կարգուկանոնի ապահովումը, կադրային և մյուս հարցերը:

 

Նախարարը կարևորել է նաև արտակարգ իրավիճակների դեպքում հոգեբուժական հաստատություններում տարհանման պլանների առկայության հարցը: Արմեն Մուրադյանը հանձնարարել է ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը' երկուշաբթի օրվանից սկսած' յուրաքանչյուր շաբաթ այցելել բոլոր հոգեբուժական հաստատություններ, կատարել մշտադիտարկում , պլանային ստուգումներ և ներկայացնել գրավոր հաշվետվություն:

 

Նշվել է, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրություններ է կատարում' աշխատանքներն սկսելով Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։ Մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել նաև «Ավան», «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններում' ուշադրության կենտրոնում պահելով դեղերի շրջանառությունը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովումը։

 

Քննարկվել են նաև հոգեբուժական հաստատությունների ֆինանսական ու վարչական խնդիրները։ Հանձնարարվել է ուսումնասիրությունների ընթացքում անդրադառնալ հոգեբուժարանների զարգացման ծրագրերին ևս։