ՀՀ ոստիկանությունը վերջին օրերի ընթացքում բացահայտել է մի շարք գողությունների մանրամասներ: Ոստիկանության Տարոնի բաժնում հունիսի 27-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Սրբուհի Հ.-ի դրամապանակը' գումարներով, գողանալու մասին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 25-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1960 թ. ծնված Ռիտա Ա.-ն, որը խոստովանել է հանցանքը: Քննությունը վարում է ոստիկանության Տարոնի քննչական բաժանմունքը:

 

Բացի այդ, հուլիսի 25-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Աննա Ս.-ին: Նա խոստովանել է, որ Արշակունյաց պողոտայում գտնվող հանրախանութի մի շարք սրահներից գողացել է կանացի սպորտային տաբատ, կանացի վերնաշապիկ և սպորտային բաճկոն: Գողոնն առգրավված է: Վնասի չափը պարզվում է: