Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը դատարանում երեկ հայտարարեց, որ Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը ղասաբ է, մսագործ՝ պատճառաբանելով, որ իրեն դաժանորեն ծեծի է ենթարկել նախաքննության ընթացքում, որպեսզի ցանկալի ցուցմունք կորզի: Նա նաեւ ասաց, որ գլխի վրա ուռուցքներ կան, մարմնի տարբեր հատվածներում' ծեծից հետո մնացած հետքեր, որոնք մեկ տարի անց էլ նկատելի են: Իսկ ամբաստանյալի հայրը՝ Սամվել Սարգսյանը, ով ի դեպ ոստիկանական համակարգում աշխատել եւ բարձր պաշտոններ է զբաղեցրել շուրջ 45 տարի, հայտարարեց, որ ՇՄ ոստիկանապետը անգամ զենքի ուժով է փորձել ցուցմունքներ կորզել. «Զենքը պահել, անգամ կրակել է երեխի վրա, էնքան է ծեծել, որ գրի...»,-հայտարարում էր Սամվել Սարգսյանը ու հավելում, որ բարձրաձայնում է, որ ՀՀ նախագահը լսի այդ մասին:

Այսօր galatv.am-ը ամբաստանյալի եւ նրա հոր մեղադրանքների մասին մեկնաբանություններ խնդրեց ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից: Ներկայացնում ենք Շիրակի մարզային ոստիկանապետի՝ galatv.am-ին տված հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարո՛ն Բաբակեխյան, երեկ դատարանում ամբաստանյալ Հարություն Սարգսյանն ու նրա մերձավորները հայտարարում էին, որ ծեծել եք Հարությունին, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն եք կիրառել, հայրն ասում էր՝ զենքից կրակել եք անգամ, որ վախենա...

-Բա որ կրակել եմ վրան, բա ընչի՞ ա սաղ մնացել ինքը: Էնպես եմ ծեծել, որ գլխի ուռուցքները մնացել են, հա՞, մեկ տարի հետո: Դե շատ բան են իրանք խոսացել, հիմա այն ամենը, ինչ իրանք էնտեղ ասել են, ինձ պտի հարցնե՞ք, հի՞մք պիտի ընդունեք: Անհեթեթություն է ամեն ինչը, նոր չեն իրանք այդ մասին բողոքում, այդ բողոքները դեռ գործի սկզբից եղել են: Իրանք այդ մասին դիմել են Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ն կատարել է համապատասխան քննություն, հերքել է դրանք ամեն ինչը, որ դրանք անհեթեթություն եւ զրպարտություն է: Հիմա դատական նիստն է սկսվել, եւ նույն պատմությունը նորից շարունակվում է:

-Պարո՛ն Բաբակեխյան, բայց ինչո՞վ է պայմանավորված այն, որ Դուք նման քայլերի չեք գնացել, բայց Ձեր անունն է շրջանառվում:

-Ես դրան նորմալ եմ վերաբերվում, ոնց ասում են՝ էմոցիաների չեմ տրվում, բայց էլի եմ կրկնում' մարդ պտի ինքն էլ հասկանա, որ բնականաբար անձը, որը կատարել է ծանր հանացագործություն եւ ինքն իրան արդարացնելու ոչ մի բան չունի, ինքը պտի կախվի փրփուրներից, թող կախվի փրփուրներից, ի՞նչ խնդիր կա...

-Փաստորեն, դուք արդեն հայտարարում եք, Դուք վստա՞հ եք, որ այդ հանցագործություն կատարող անձը Հարություն Սարգսյանն է: Դատարանը դեռ նման վճիռ չունի, եւ միայն նախաքննությամբ այդ անձին մեղադրանք է առաջադրված, դեռ նոր է սկսվում դատաքննությունը, իսկ Դուք հայտարարում եք, որ...

- Ես օպերատիվ աշխատող եմ, ես իմ աշխատանքը կատարել եմ, մնացածը թող դատարանը կատարի:

Քիստինա Մկրտչյան