Անցնող օրվա գլխավոր իրադարձություններն ըստ «Mediamall.am» կայքի:


Սպանել է ընկերոջը. «Էս արմատուրով ես հարվածել եմ երեք անգամ» (տեսանյութ)

 

1-02 զանգահարած Ալեքսանդր Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքը մարդ է սպանել:
«Էս արմատուրով ես հարվածել եմ երեք անգամ»,- պատմում է Ալեքսանդր Հովհաննիսյանը և նշում պատճառը. «Ինքն ինձ մեր քրֆեց»:Տեսանյութն` այստեղ:

 

***

 

«ԵՄ պատժամիջոցները կասկածի տակ են դնում ՌԴ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը». ՌԴ ԱԳՆ

 

ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ ԵՄ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ապացուցում են, որ կառույցն անվտանգության հարցերում համագործակցությունը դադարեցնելու ուղի է ընտրել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«Պատժամիջոցների լրացուցիչ ցանկն վկայում է այն մասին, որ ԵՄ երկրները լիովին հրաժարվում են Ռուսաստանի հետ միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցությից՝ ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի տարածման, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և այլ մարտահրավերների դեմ պայքարը», -ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հարցով պատժամիջոցները:

 

***

 

«Air France»-ի օդանավը «Զվարթնոցում» վայրէջք է կատարել միայն 2-րդ փորձից հետո

 

Փարիզից ժամանող ֆրանսիական Air France ավիաընկերության ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում միայն 2-րդ փորձից հետո է կարողացել վայրէջք կատարել:

Օդանավը վայրէջք կատարելիս թեքվել է ձախ կողմի վրա, թևով գրեթե հարվածել է գետնին և չի կարողացել պահպանել հավասարակշռությունը:

Օդաչուն ստիպված է եղել նորից երկինք բարձրանալ, մոտ 40 րոպե պտտվել է օդանավակայանի վրայով, որից հետո հաջող վայրէջք է կատարել:

 

***

 

Շնորհավորում ենք «Առավոտ» օրաթերթին՝ 20-ամյա տարեդարձի առթիվ

 

Այս օրերին նշվում է «Առավոտ» օրաթերթի 20-ամյակը, որի առթիվ շնորհավորում ենք մեր գործընկերներին:

«Առավոտ»-ը ձևավորվել է հայաստանյան տպագիր մամուլի համար բարդ ժամանակներում և այսօր հայկական մեդիադաշտում իր ուրույն տեղն է զբաղեցնում' շնորհիվ անաչառ լրատվության, մրցունակության և մասնագիտական բարձր հմտությունների:

Mediamall.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է առավոտցիներին՝ 20-րդ տարեդարձի առթիվ և բարձր գնահատում գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի տարիների աշխատանքը:

Մաղթում ենք Ձեր լրատվամիջոցին երկարակեցություն, հաջողություններ տարբեր հարթակներում, մրցունակություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ:

Թող «Առավոտի» բոլոր առավոտները արևաշող լինեն:

 

***

 

Այսօր Վարդավառ է

 

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից երրորդը' Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառ):

Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայ եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

 

***

 

Աստրախանում վթարի է ենթարկվել ՄԻԳ-29 ինքնաթիռ

 

Աստրախանի տարածքում վթարի ենթարկված ՄԻԳ-29-ի օդաչուն՝ փորձելով կանխել օդային աղետը, մահացել է: Ինքնաթիռն ընկել է Աստրախանից 30 կիլոմետր հեռավորության վրա, երբ իրականացնելիս է եղել պլանային ուսումնամարզական թռիչք:

Ինքնաթիռը ընկել է բնակելի տներից հեռու, տեղացի բնակիչները չեն տուժել: Հրդեհը, որն առաջացել է ինքնաթիռի անկման հետևանքով, մարվել է շուրջ 30 հրշեջի և 7 միավոր տեխնիկայի օգնությամբ: Դեպքի վայր է մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության խումբը:

Իսկ ահա Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, ՌԴ հերոս գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարովը լրագրողներին հայտնել է, որ իրենք աշխատում են դեպքի բացահայտման ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ ավիավթարի պատճառը եղել է ավիացիոն տեխնիկայի խափանումը:

 

***

 

Հայտնի է Սյունիքի մարզում 80 մետր ձորը գլորված Ford-ի վարորդի և 9 վիրավորի ինքնությունը. shamshyan.com

 

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 26-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր 9 վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրանք են՝ վարորդը՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Մերուժան Մուրադյանը, Երևանի բնակիչներ, 53-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը, 25-ամյա Լուսինե Հովհաննիսյանը, 1-ամյա Անդրանիկ Մուրադյանը, 60-ամյա Հարություն Հովհաննիսյանը, 29-ամյա Տարոն Սուքիասյանը, 53-ամյա Ժանետ Կարապետյանը, 47-ամյա Քնարիկ Զախարյանը, 24-ամյա Մարինե Հովհաննիսյանը, 1-ամյա Էմիլի Մուրադյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: