Ամիսների լռությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչն է իրեն դրդել ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը վերլուծության ենթարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի տեքստն ամբողջությամբ:

Ըստ փորձագետի՝ ՀՀ երկրորդ նախագահն իր հարցազրույցը բաժանել է երկու մասի՝ զգացմունքային և հիմնարար գործոնների: Քանի որ ՀՀ երկրորդ նախագահը, Արմեն Բադալյանի խոսքով, որոշ մտքեր կրկնում է, առավել նպատակահարմար է մեկնաբանել այդտեղ ներկայացված մտքերն առանց կառուցվածքային «գործոնների» բաժանման.

1. «քաղաքական անհետաքրքիր իրավիճակ»...

2. «իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև»...

3. «ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին' որպես հաջորդողի»...

4. «քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի»...

5. « քաղաքական մրցակցությունը դարձել է տիկնիկային»...

6. «զգացմունքային գործոնները բավականաչափ ծանրակշիռ են»...

Ուստի, փորձագետի մեկնաբանությամբ, քաղաքական վերոնշյալ տեսակետներից կարևոր է հասկանալ.

1. Որքան էլ ՀՀ գործող նախագահին ուղղակի և անուղղակի աջակցող լրատվամիջոցները փորձեն ցույց տալ, որ լարված և մրցակցային ընտրապայքար է ընթանալու, իրականում ընտրությունների արդյունքն արդեն կանխորոշված է՝ այդ գործընթացն այլևս հետաքրքրություն չի ներկայացնում: Այս հանգամանքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի ցույց է դնում իր վերընտրության (2003թ. ) տարբերությունը գործող նախագահի վերընտրությունից:

ՀՀ երկրորդ նախագահի և ընտրության, և վերընտրության ժամանակ կար ակտիվ մրցակցություն հայր և որդի Դեմիրճյանների հետ, իսկ ներկայումս դա չկա: Այսինքն՝ երկրորդ նախագահի կողմից ձևավորված քաղաքական համակարգը մրցակցային էր, և ինքը հասկանում էր մրցակցության անհրաժեշտությունը, իսկ գործող նախագահի կողմից ձևավորված քաղաքական համակարգը մրցակցային չէ, և գործող նախագահը չի հասկանում կամ ընդունում մրցակցության անհրաժեշտությունը:

Այդ իսկ պատճառով Քոչարյանի ժամանակ հասարակությունը հավատում էր պետությանը և պայքարում դրա ապագայի համար, իսկ գործող նախագահը, չգտնվելով այդպիսի դիրքերում, սպանեց հասարակության հավատը պետության ապագայի նկատմամբ, որի պատճառով մեծանում է արտագաղթը (արտագաղթի մասին ՀՀ երկրորդ նախագահը հիշատակել է հարցազրույցի ստորին հատվածում): Այսինքն՝ ՀՀ երկրորդ նախագահը ցույց է տալիս, որ որպես պետական քաղաքական գործիչ' ինքն ավելի բարձր է գործող նախագահից:

2. Երկրորդ նախագահը չի ցանկանում, որպեսզի քաղաքական պայքարը (նախագահական ընտրությունները) դիտարկվեն որպես «նույն տարածաշրջան»-ի երկու ներկայացուցիչների պայքար, քանզի դրանով պայքարը զրկվում է քաղաքական իմաստից: Այսինքն՝ իր համար անընդունելի է գործընկերային, «տարածաշրջանային» սկզբունքով պայքարը, և ինքը գերադասում է քաղաքական պայքարը:

3. Կա նաև անուղղակի մատնանշում, որ գործող նախագահը չի նպաստել հայաստանածին ուժի կայացմանը' ի տարբերություն իրեն, երբ երկու ընտրությունների ժամանակ էլ «հաղթել է» հայաստանածին քաղաքական ուժերի:

4. Երկրորդ նախագահն անուղղակի մատնանշում է, որ ինքը նախագահի աթոռը ոչ մեկից չի ժառանգել, այլ նվաճել է, իսկ գործող նախագահն այդ աթոռն ընդամենը «որպես ժառանգորդ» ստացել է (հարցազրույցում նշվում է «հաջորդող»-ի մասին): Երկրորդ նախագահն անուղղակի հասկացնում է, որ ինքն ավելի ուժեղ գործիչ է, քան գործող նախագահը:

5. Նա անուղղակի մատնանշում է, որ գործող նախագահն, այս կամ այն ուժի հետ երկխոսելով, ոչ թե նպատակ ունի հասնել կոմպրոմիսի, այլ «մանրածախ գնով» առնել այդ գործիչներին: Ի տարբերություն գործող նախագահի՝ ինքը մանր առևտրական չէ, այլ քաղաքական կոմպրոմիսը (այն է' արևմտյան արժեքային համակարգի կարևորագույն ինստիտուտը) գնահատող և դրանով առաջնորդվող գործիչ:

6. Մատնանշելով մրցակցության տիկնիկային լինելը' ՀՀ երկրորդ նախագահն ուղղակի հասկացնում է, որ գործող նախագահից բացի' մնացած բոլոր թեկնածուները ընդամենը խամաճիկի դեր են կատարում սպասվելիք անհետաքրքիր միջոցառման ժամանակ: Իսկ սա անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանության անարդյունավետ աշխատանքի, և հասարակությանն էլ ավելի անտարբեր է դարձնելու, այսինքն՝ բարեփոխումների հույս չպետք է ունենալ:

7. Առաջնություն տալով զգացմունքային գործոններին, ավելի ուշ անդրադառնալով հիմնարար գործոններին՝ նա ցույց է տալիս, որ այսօր այն քաղաքական համակարգը չկա, որպեսզի հիմնարար գործոններով առաջնորդվի: Այս պատճառով զգացմունքային գործոններ է առաջ բերում: Այսինքն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական համակարգն իջեցնում, հավասարեցնում է 0-ի՝ իրեն վեր դասելով այս ամենից: Այսինքն՝ ասում է, որ քաղաքական դաշտն այն չէ, որ քաղաքական գործոններ բերի, այդ պատճառով մատնանշում է էթիկական և զգացմունքային գործոնները:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած տնտեսական դրույթներին՝ Արմեն Բադալյանը նկատեց, որ դրանք ավելի մասնագիտորեն կներկայացնեն տնտեսագետները: Սակայն փորձագետը մեկ բան շեշտեց' երկրորդ նախագահն ուղղակի ընդգծում է, որ անգամ 2013թ. տնտեսական սպասվելիք ցուցանիշները չեն հասնելու իր կառավարման վերջին տարվա՝ 2008թ. ցուցանիշներին, և լուրջ քննադատություն է հնչեցնում ՀՀ կառավարության հասցեին:

Հարցազրույցի վերջում նշելով՝ «մեզ շատ ավելին է պետք», չլինելով գործող նախագահ, իշխանությունների առջև գործունեության բարձր նշաձող է սահմանում: Այսինքն՝ նա փաստորեն ցույց է տալիս, թե ուր պետք է գնա կառավարությունը և ինչ պետք է անի: Այսինքն՝ ուղղորդում է կառավարությանը, որ «մեզ պետք են մեծ գործեր», «մեզ պետք են մեծ նվաճումներ», «մենք այս փոքր անարդյունավետ գործընթացից պետք է դուրս գանք», «մեզ մեծ ապագա է պետք», իսկ յուրաքանչյուր քաղաքական գործիչ մեծ ապագան կապում է իր գործունեության հետ»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը: