Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը օգոստոսի 1-ին տոնում է իր 75-ամյակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով yerkramas.org կայքը, հոբելյանից առաջ ցուցահանդեսի տնօրեն Վլադիմիր Պոգրեբենկոն ԶԼՄ-ներին պատմել է, որ այժմ իրականացվում են համալիրի վերականգնման աշխատանքներ: Պոգրեբենկոյի խոսքով՝ պետությունների տաղավարները պետք է դառնան այցեքարտներ և ցույց տան ժողովրդական առանձնահատկությունները, ապրելաձևը, մշակույթը, տնտեսական և արտադրական նվաճումները:

 

Այժմ իրենց ուղիղ նշանակմամբ ցուցահանդեսին աշխատում է երեք տաղավար՝ «Հայաստան»-ը, «Բելառուս»-ը և «Ղրղզստան»-ը, և փոփոխությունները կվերաբերեն դրանց ձևավորմանը:

 

Պոգրեբենկոյի կարծիքով՝ «Հայաստան» տաղավարում այսօր ավելի շատ ներկայացված է ռեստորանային թեմատիկան, ոչ թե ազգագրականը: «Տաղավարում այսօր կա «Արարատ» կոնյակի գործարանի թանգարան, որը ձևավորել է Պավել Կապլեվիչը, կա մանրանկարների թանգարան, հայկական գրականության գրադարան, նկարչական սալոններ:

 

Սակայն, երբ մտնում ես, անմիջապես սեղաններ են, և բոլոր թվարկվածները չեն երևում, բայց ուզում ես տեսնել Հայաստանն իր ողջ հմայքով, որ ցուցահանդեսի հյուրերը ցանկանան Հայաստան գնալ: Գործընկերներս տեղեկացրին, որ շուտով տաղավարում կներկայացվի « զբոսաշրջային ուղղություն: Այն արդեն վերանորոգվել է, հենց նոր, հոբելյանին ընդառաջ»,- նշել է նա: