Սիրիական բանակը Հոմսի արևելյան գյուղերում գտնվող Շահեր բնական գազի պաշարներով հարուստ դաշտերն իր վերահսկողության տակ է վերցրել՝ այդտեղից վտարելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման զինյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը հայտարարել է, որ իրեն հաջողվել է վերահսկողություն հաստատել Շահեր լեռան ու այն շրջապատող դաշտերի վրա: Այժմ բանակը վնասազերծում է ԻԼԻՊ-ի կողմից լարված ականները:

 

ԻԼԻՊ խմբավորումը մեկ շաբաթ առաջ հարձակում էր իրականացրել Շահեր լեռան և նրա մերձակայքում գտնվող գազի պաշարներով հարուստ դաշտերի վրա՝ վերահսկողության տակ վերցնելով դրանցից որոշները:

 

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Դամասկոսի նահանգի Մլեհա, Զիբդին, ան Նաշշաբիա գյուղերում, ինչպես նաև Ադրա ալ Բալադ, Ադրա ալ Օմմալիա և Արևելյան Ղուտայի շրջաններում սիրիական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել:

 

Զինյալները լուրջ կորուստներ են կրել նաև Հալեպի աս Սուխուր, աշ Շաար, աշ Շեյխ Լուտֆի թաղամասերում:

 

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 150 հազար մարդ: