Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում ընթանում է քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որին «Սպրավելդիվայա Ռասիա» կուսակցությունն առաջադրել է ազգությամբ հայ Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Երկրամաս» պարբերականը, Իշխան Զաքարյանը ծնվել է 1977 թվականին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում: Այժմ նա բնակվում է Սոչիում և «Տորոս Ստրոյ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է:

 

Սոչիի քաղաքային ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն' քաղաքապետի պաշտոնի համար մինչ այժմ պաշտոնապես գրանցվել են նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ալեքսեյ Բոչկարևը, Սոչիի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Իգոր Վասիլևը, «Եդինայա Ռասիա» կուսակցությունը ներկայացող և Սոչիի գործող քաղաքապետ Անատոլի Պախոմովը, ինչպես նաև «Պատրիոտի Ռոսիի» կուսկացության անդամ Անտոն Կիրիչենկոն:

 

Հունիսի 25-ից պաշտոնապես մեկնակել է Սոչի քաղաքի քաղաքապետի ընտրությունների նախընտրական արշավը: Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին: