ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 29-ին ընդունել է Անգլիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) երիտասարդական պատվիրակությանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Սփյուռքի կազմակերպությունների երիտասարդական խմբերի այցերն Արցախ, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ամրապնդել կապերն Հայրենիքի հետ:

 

Ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային, մասնավորապես անվտանգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ունեցած դերի, նրա հանրային-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի, Արցախում իրականացվող համահայկական ծրագրերի, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի թեմաները: Հանդիպման վերջում Աշոտ Ղուլյանը պատասխանել է երիտասարդ հայրենակիցներին հուզող հարցերին: