Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է Մոսկվայի հայ երիտասարդական միության մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Անդրանիկ Հովսեփյանի գլխավորությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

 

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայ համայնքի դերն Արցախի զարգացման գործում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով երիտասարդության հայեցի դաստիարակությանը եւ պատմական Հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է Մոսկվայի հայ երիտասարդական միության աշխատանքը՝ հավելելով, որ կազմակերպությունը պետք է խորացնի իր կապերը Արցախի հետ: