Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավ էլ գիտի, թե ովքեր են «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները: Նա նշել է, որ Դինքի սպանությունը իրականացվել է ոչ թե ինչ-որ անհատի, այլ կազմակերպված հանցագործ խմբի կողմից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CIHAN լրատվական գործակալությունը:

 

Թուրք քաղաքական գործիչն ասել է, որ Դինքի սպանությունն ամբողջ աշխարհում մեծ արձագանք գտած եւ քաղաքական հողի վրա կատարված ամենացնցող հանցագործություններից մեկն է, որի մեջ խառնված են երկրի նաեւ ղեկավար շրջանները: Նրա խոսքով, Դինքի սպանության պատասխանատուները գտնվում են Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտպանության տակ:

 

«Վարչապետը փորձում է Դինքի սպանությունը ներկայացնել անձնական թշնամական հողի վրա կատարված հանցագործություն: Սպանության իրական կազմակերպիչները դեռեւս չեն կանգնել դատարանի առաջ: Իշխանության այդ վարկածն առաջ է տարվում իրական հանցագործներին դատաստանից փրկելու համար: Դինքի սպանությունը մեկ անձի ձեռքի գործ չէ' ինչպես ներկայացվում է: Դա կազմակերպված խմբակային հանցագործություն է: Էրդողանն էլ գիտի, թե ովքեր են կազմակերպիչները», -ասել է Թանրըքուլուն:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» խմբի անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ: