Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցը կատարեց Ծովագյուղ, Շորժա, Արտանիշ եւ Ջիլ համայնքներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Ծովագյուղ համայնքում մարզպետը համայնքի ղեկավարի, ավագանու, կրթական եւ առողջապահական հաստատությունների տնօրեների հետ քննարկեց գյուղի սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծման հետ կապված մի շարք խնդիրներ:

 

Ծովագյուղի համար որպես հրատապ հարց ներկայացվեց գյուղի մշակույթի տան տարածքում հանդիսությունների սրահի եւ երիտասարդական կենտրոնի հիմնումը, որի համար մարզպետից ծովագյուղցիները խնդրեցին համապատասխան աջակցություն: Տեղում դիտարկում անցկացնելուց հետո մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դրական պատասխան տվեց ծովագյուղցիներին' նշելով, որ աջակցությունը կհատկացվի ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակում:

 

Ծովագյուղի համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը, իր գոհունակո ւթյունը հայտնելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերից, նշեց, որ Ծովագյուղում հատկապես նկատելի են գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի արդյունքները, ինչի շնորհիվ ավելացել են մշակվող վարելահողերի տարածքները եւ որոշակիորեն նվազել գյուղմեխանիզմների ծառայությունների գները:

 

«Այս պահին Ծովագյուղում հացահատիկի բերքի տակ են 150 հեկտար աշնանացան ցորենի եւ նույնքան էլ գարնանացան գարու արտեր: ՀՀ կառավարության աջակցության ծրագրերով ձեռք բերված սերմացուների ծլունակությունն ու կենսունակությունն արդեն նկատելի են, տնտեսություններն ակնկալում են հացահատիկի բարձր բերք, իսկ մենք' մշակվող վարելահողերի նոր ավելացումներ»,-ասաց համայնքի ղեկավարը:

 

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ծովագյուղցիներին հորդորեց լուրջ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության զարգացմանը, ավելացնել գյուղմթերքների արտադրությունը, որոնց պահանջարկը գնալով ավելի է մեծանում:

 

Շորժայում մարզպետը խոստացավ աջակցել դպրոցի դասասենյակների եւ մարզադահլիճի հիմնանորոգումներին, Արտանիշում' դպրոցի տանիքի հիմնանորոգմանը, խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցմանը:

 

Ջիլ գյուղում մարզպետին որպես հրատապ խնդիր ներկայացվեց գյուղի մշակույթի տան շենքի հիմնանորոգման, 5 կիլոմետր երկարությամբ խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը եւ արոտների ջրարբիացումը: Երեք դեպքում էլ մարզպետը դրականորեն արձագանքեց ջիլեցիներին' հավելելով, որ Ջիլ մտնող կենտրոնական ճանապարհի 3,2- կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումն իր լուծումը կգտնի համեմատատաբար ավելի ուշ ժամկետներում, երբ լուծված կլինի Վարդենիս-Շորժա ճանապարհի հիմնանորոգման խնդիրը:

 

 

Խոսրով Խլղաթյան