Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրով լայն թափով աշխատանքներ են ընթանում նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ այցելել է բարեկարգվող բակերի շինհրապարակներ:

 

Ներկայացնելով իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ վարչ ական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը շրջել է բակային տարածքներում, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրները: Անդրադառնալով նուբարաշենցիների կողմից բարձրացվող հարցերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ վարչական շրջանում արդեն իսկ գույքագրված են առկա բոլոր խնդիրներն ու, ըստ առաջնահերթության, առաջիկա տարիներին դրանք հետզհետե լուծումներ են ստանալու: Նուբարաշենցիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լու ծման հարցում դրսևորած մշտական հետևողականության համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընթացիկ տարում վարչական շրջանում, ընդհանուր առմամբ, կբարեկարգվի 17 բակ, որտեղ կտեղադրվեն խաղային ատրակցիոններ, մարզական սարքեր, նստարաններ, աղբամաններ, զրուցարաններ:

 

Բակային տարածքներին զուգահեռ՝ հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվի նաև Նուբարաշենի 11 փողոցի այգու հարակից տարածքում: Քաղաքապետին զեկուցվել է, որ բարեկարգման ծրագրով կտեղադրվեն մանկական խաղեր, մարզական սարքեր, նստարաններ: Բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար հանգստի գոտին ապահովված կլինի գիշերային լուսավորությամբ:

 

Տարեկան ծրագրերով նախատեսվում է նաև վարչական շրջանի բակային տարածքները և 20 փողոց ապահովել արտաքին լուսավորության համակարգով: Նշվել է նաև, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարականի, առանձնակի ուշադրություն է դարձվում կանաչ գոտիների ստեղծմանը: Ըստ այդմ, բարեկարգմանը զուգահեռ, բակային տարածքներում և հանգստի գոտիներում ընթանում են նաև կանաչապատման աշխատանքներ, ինչի շնորհիվ շուրջ 1100քմ-ով կավելանա վարչական շրջանի կանաչ տարածքների մակերեսը:

 

Զրուցելով բնակիչների հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ երևանյան նոր այգիներ ու պուրակներ ստեղծելու ծրագրերը շարունակական են լինելու նաև մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում: Ողջունելով քաղաքապետի նման դիրքորոշումը՝ բնակիչները նշել են, որ տասնյակ տարիներ են սպասել նման ծրագրերի իրականացմանը: Նրանք նաև վստահեցրել են, որ իրենց ուժերի սահմանում կանեն հնարավորը, որպեսզի օր առաջ կյանքի կոչվեն այդ ծրագրերը:

 

Հաշվի առնելով, որ Նուբարաշեն վարչական շրջանի հարակից տարածքում է գտնվում քաղաքային ամենամեծ աղբավայրը, քաղաքապետն անդրադարձել է նաև մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին. «Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն այսօր իրականացվում են մասնագիտացված 12 ընկերությունների կողմից: Տարեկան միջինը շուրջ կես միլիոն տոննա կենցաղային աղբ է հավաքվում և տեղափոխվում Երևանի գործող երեք աղբավայրեր, որոնցից ամենախոշորը, ըստ էության, Նուբարաշենի քաղաքային աղբավայրն է:

 

Եվ, անշուշտ, Երևանի համար այս օր իսկապես կարևորագույն առաջնահերթություն է որակյալ, միջազգային չափորոշիչներին համապատասխանող աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը, այդ նպատակով էլ մենք դեռ անցյալ տարի հայտարարեցինք միջազգային մրցույթ: Հաղթող ճանաչված միջազգային երկու մասնագիտացված ընկերությունների հետ կնքեցինք պայմանագրեր, համաձայն որոնց, Երևանում տվյալ ընկերություններն են իրականացնելու աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, ընդ որում, նաև ձմեռային ամիսներին:

 

Ներկայումս այդ ընկերությունների կողմից իրականացվում են կա զմակերպչական աշխատանքներ և արդեն այս տարվա ընթացքում նախատեսվում է, որ դրանք կսկսեն պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը քաղաքապետարանի կողմից մշակված կոշտ թափոնների կառավարման ծրագրի ընդամենը մեկ բաղադրիչն է:

 

Հարկ է նշել, որ ծրագրի մյուս երկու բաղադրիչներով նախատեսվում են նոր աղբավայրի և աղբի վերամշակման կենտրոնի կառուցման աշխատանքներ: Ըստ այդմ, ենթադրվում է նախ մեկուսացնել Նուբարաշենի գործող աղբավայրը և, դրան զուգահեռ, իրականացնել նոր աղբավայրի կառուցման աշխատանքներ՝ տվյալ բնագավառում գործող միջազգային բոլոր չափորոշիչներին և տեխնիկական պայմաններին համապատասխան. «Ծրագրի այս բաղադրիչը ներկայումս նախագծման փուլում է և դրա հնարավոր ֆինանսավորման նպատակով բանակցություններ ենք վարում Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի հետ:

 

Իսկ ծրագրի երրորդ բաղադրիչով նախատեսվում է մայրաքաղաքի աղբի տնօրինման իրավունքը տրամադրել համապատասխան օպերատորի, որը կիրականացնի աղբի տեսակավորում, վերամշակում կամ, ժամանակակից այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, աղբի ծավալի նվազեցում:

 

Այս նպատակով էլ ներկայումս մշակվում է աղբի տնօրինման կենտրոնի կառուցման մրցութային փաթեթը, որի պատրաստ լինելուն պես կհայտարարենք միջազգային մրցույթը։ Մի խոսքով, մեր կողմից արվում է հնարավորը մայրաքաղաքի կոշտ թափոնների կառավարման հարցում հնարավորին կարճ ժամկետում համալիր լուծում ունենալու ուղղությամբ »,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: