Ամերիկացի 36-ամյա միսիոներ Սեբաստիան Ջեյմսը վերջերս հրատարակած իր' «Սպասվող զարթոնք» գրքում առաջ է քաշել հետեւյալ գլխավոր միտքը, որ «առանց առերեսվելու Հայոց ցեղասպանության հետ Թուրքիան հանգստություն ձեռք չի բերի»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս»-ին տված հարցազրույցում Սեբաստիան Ջեյմսն ասել է, որ կյանքի վերջին 12 տարիներն անցկացրել է Թուրքիայում, Սիրիայում, Պակիստանում եւ Պաղեստինում «Աստվածաշունչ» բաժանելով, ուսումնասիրել է քրիստոնյաների կյանքն այդ երկրներում եւ փորձել հասկանալ, թե ինչու այդ տարածքներում նախկինում բնակչության մեկ երրորդը կազմող կազմող քրիստոնյաների թիվն այժմ աննշան է: «Հիշյալ երկրների մեջ Աֆղանստանից հետո ամենաքիչ քրիստոնյաներ ներկայում բնակվում են Թուրքիայում, երբ ընդամենը 100 տարի առաջ այդ երկրի բնակչության 33 տոկոսը քրիստոնյա էր: Քրիստոնյա բնակչության նման չափի նվազումն ինձ խորհելու առիթ տվեց' դրա պատճառը բացահայտելու համար: Թուրքիայում ժողովրդին սուտ բաներ են սովորեցնում: Այդ ստերը կապված են նաեւ այս երկրում նախկինում ապրած քրիստոնյաների, քրիստոնեության եւ անմիջապես Սուրբ Գրքի հետ: Շատ ստեր են ասվում նաեւ Հայոց ցեղասպանության մասին: Դրա նպատակը միայն գործած մեղքը քողարկելը չէ, այլ ասելով, թե «դա մենք չենք արել, նրանք են արել», զրպարտում են հայերին: Այսինքն' նոր հանցանք են գործում», -նշել է նա:

 

Սեբաստիան Ջեյմսը նշել է նաեւ «Սպասվող զարթոնք» գրքի գլխավոր միտքը. «Թուրքիան պետք է առերեսվի Հայոց ցեղասպանության եւ հունական, ասորական հասարակությունների հետ մյուս քրիստոնյաների' այս երկրից հեռանալով ավարտված 1894-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետ: Թուրքական հասարակությունն այսօր պետք է խոստովանի անցյալում իրենց հայրերի կատարած մեղքը եւ ներողություն խնդրի այս երկրի հնամյա քրիստոնյա հասարակություններից: Առանց դրա, հատկապես' հոգեբանական իմաստով, անհնարին է, որ Թուրքիան խաղաղություն եւ հանգստություն ձեռք բերի»:

 

Ջեյմսը հայտնել է նաեւ ապագայում իրագործելիք իր նախագծի մասին. «Ցանկանում եմ թուրք, քուրդ եւ քրիստոնյա հոգեւոր գործիչների հետ համատեղ տեքստ պատրաստել, որում պետք է կոչ արվի առերեսվել Հայոց ցեղասպանության եւ քրիստոնյաների նկատմամբ իրագործված վատ արարքների հետ եւ ներողության հայցել: Սա լինելու է հայերից, հույներից, ասորիներից, այս երկրի հինավուրց քրիստոնյա հանրություններից ներողություն հայցող տեքստ»: