Հուլիսի 30-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա կօգտագործի ԵԱՀԿ շրջանակներում ձեռք բերված փորձն իր առաքելության իրականացման ընթացքում:

 

Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, կարևորվեց ԵՄ շարունակական աջակցությունը' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

 

Նախարար Նալբանդյանը հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար իրականացվող սադրիչ գործողություններին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացը:

 

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց կողմերի հանձնառությունը' զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

 

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: