Պարենային ապրանքների շուկայում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 2.1 տոկոս գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի՝ 23.8 տոկոս, ձվի՝ 3.8 տոկոս, և մրգի՝ 3.5 տոկոս գնանկման արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում գրանցվել է 23.8-0.3 տոկոս գնանկում, իսկ 8-ում' 0.2- 1.6 տոկոս գնաճ:

 

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 24 տոկոս, իսկ 2014թ. հունիսի համեմատ' 23.8 տոկոս գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է սմբուկի' 62.6 տոկոս, կանաչ պղպեղի' 51.6 տոկոս, կանաչ լոբու՝ 48.6 տոկոս, լոլիկի' 39.8 տոկոս, կարտոֆիլի' 29.6 տոկոս գնանկումով:

 

2014թ. հուլիսին հունիսի համեմատ կաղամբի գինը նվազել է 22.5 տոկոսով, գազարինը' 20.5 տոկոսով, գլուխ սոխինը'4.1 տոկոսով, խառը կանաչեղենինը' 2.6 տոկոսով, վարունգինը՝ 1.9 տոկոսով, ճակնդեղինը' 1.8 տոկոսով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 0.8 տոկոս և կանաչ սոխի՝ 8 տոկոս գնաճ:

 

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 29.8-21.5 տոկոս գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է քաղաք Գավառում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 22.1 տոկոսով:

 

Մրգի ապրանքախմբում 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 5.4 տոկոս գնաճ: Ադամաթզի գինը նշված ժամանակահատվածում աճել է 1.1 տոկոսով, կիտրոնինը՝ 5.4 տոկոսով, դեղձինը՝ 17 տոկոսով, սեխինը՝ 18.0 տոկոսով, տանձինը՝ 21.5 տոկոսով, խնձորինը՝ 40.9 տոկոսով, բալինը՝ 41.5 տոկոսով, ելակինը՝ 59.9 տոկոսով, ծիրանինը՝ շուրջ 5 անգամ, իսկ նարնջի և ձմերուկի գները նվազել են համապատասխանաբար 13.1 և 6.5 տոկոսով:

 

2014թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է մրգի 3.5 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է ձմերուկի' 60.7 տոկոս, դեղձի' 52.5 տոկոս, ծիրանի' 26.8 տոկոս, տանձի' 13.5 տոկոս, ադամաթզի' 3.6 գնանկումով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է նարնջի' 1 տոկոս, կիտրոնի՝ 5.7 տոկոս, խնձորի 10 տոկոս, բալի՝ 13.7 տոկոս, ելակի՝ մոտ 2 անգամ գնաճ:

 

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է մրգի' 15.6-0.5 տոկոս գնանկում (համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է ք. Եղեգնաձորում), իսկ մեկում՝ 3.5 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 3.2 տոկոսով:

 

2014թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 16.3 տոկոս: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.92 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.7 տոկոսային կետով:

 

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ նվազել է 13.8 տոկոսով, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 3.8 տոկոսով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է ձվի 16.3-1.1 տոկոս գնանկում, իսկ մեկում՝ 3.3 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.7 տոկոսով:

 

2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.3 տոկոս գնաճ, իսկ 2014թ. հունիսի համեմատ' 0.6% գնանկում՝ հիմնականում պայմանավորված «Չանախ» պանրատեսակի՝ 2.2 տոկոս գնանկումով:

 

2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 11.5 տոկոսով, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 0.3 տոկոսով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ գրանցվել է 4 տոկոս գնանկում, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 1.6 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում արևածաղկի բուսական յուղի 4.3 տոկոս գնաճի արդյունք է:

 

2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1 տոկոսով, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 1 տոկոսով: Վերջինս մեծապես պայմանավորվել է տավարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 1.1 տոկոս և 10.9 տոկոս գնաճով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)՝ 10.2 տոկոս, աղացած մսի՝ 2.5 տոկոս, ոչխարի մսի՝ 1.7 տոկոս գնանկում:

 

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.3-1.5 տոկոսով, իսկ մեկում գրանցվել է 0.2 տոկոս գնանկում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1 տոկոսով:

 

2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ հրուշակեղենի և այլ մթերքի ապրանքախմբերում արձանագրվել է համապատասխանաբար 5 տոկոս և 4.1 տոկոս, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 1 տոկոս և 1.3 տոկոս գնաճ:

 

Ոգելից խմիչքի և ծխախոտի, ձկնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, հացամթերքի, ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 0.1-0.4 տոկոս գնաճ: