Համագործակցության Շանհայի կազմակերպության մասնակից երկրների ԱԳ նախարարները Դուշանբեում հավանություն են տվել մինչև 2025 թվականը կազմակերպության զարգացման ռազմավարության նախագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին հայտնել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սերոջիդին Ասլովը՝ ամփոփելով ՀՇԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները:

 

«Մենք հավանություն են տվեցինք «Մինչև 2025 թվականը ՀՇԿ-ի զարգացման ռազմավարության նախագծի մասին» անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշման նախագծին, որը կսահմանի հեռանկարում անդամ պետությունների փոխգործակցության կողմնորոշիչները և կբարձրացնի կազմակերպության առջև ծառացած խնդիրների կատարման արդյունավետությունը»,- ասել է նա: «Դրանց հաջող լուծումը պետք է մեծացնի կազմակերպության դերն ու նշանակությունն աշխարհում, ուժեղացնի նրա ազդեցությունը աշխարհի գործերի վրա»,- հավելել է Ասլովը:

 

Նա նշել է, որ նախարարները կարևորել են ՀՇԿ-ի գործընկերային հարաբերությունների զարգացումը միջազգային մյուս կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ուրիշների հետ:

 

ՀՇԿ-ի ԱԳ նախարարները հավանություն են տվել նաև կազմակերպության անդամ պետության կարգավիճակ տրամադրելու կարգին վերաբերող նախագծին: Ինչպես նշել է Տաջիկստանի ԱԳ նախարարը, դա «կոչված է նպաստելու ՀՇԿ-ի աշխարհագրական շրջանակների ընդլայնմանը, ինչն իր հերթին արգասաբեր ազդեցություն կունենա տարածաշրջանում բազմակողմ համագործակցության վրա», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: