Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
Ստեփան, թեկնածուներից մեկը հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանը ընտրվի, ինքը նրան կշնորհավորի, կարո՞ղ ենք ասել, որ այս ամենը Սերժ Սարգսյանի լեգիտիմության համար է արվում:
Սերժ Սարգսյանը պետք է լուծի ոչ միայն իր ապագա նախագահության լեգիտիմության հարցը, այլև առաջին ժամանակաշրջանի լեգիտիմության հարցը: Այդ խնդրի լուծումից է կախված նաև մարտի 1-ի հարցի վերջնական փակումը: Այս առումով կարևոր է, որ ընտրապայքարի մասնակիցները ճանաչեն նրա նախագահ լինելը և շնորհավորեն: Սարգսյանի երկրորդ նախագահության շրջանը շնորհավորողները միաժամանակ կճանաչեն նաև առաջին ժամանակաշրջանի նրա նախագահությունը: Դրանով նրանք միաժամանակ կկիսեն նաև մարտի 1-ի պատասխանատվությունը: Որքանով ես հասկանում եմ, նման տրամադրություններ թեկնածուների շրջանում տիրում է: Այժմ այնպիսի քաղաքական իրավիճակ է ձևավորվել, որ մենք կարող ենք պնդել, որ նման իրավիճակում ընտրությունների մասնակցելը Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու մի ուրույն ձև է:
Ստեփան, հիմա ստացվում է ընտրություններին չմասնակցելը, բոյկո՞տն է ճիշտ ճանապարհ:
Ինչի՞ ճիշտ ճանապարհը: Այստեղ հարց է առաջանում, եթե ընտրությունները որպես այդպիսին գոյություն չունեն, մասնակցում ես, որ ի՞նչ անես: Ի՞նչ խնդիր ես լուծում: Եթե վերջում շնորհավորելու ես, ապա քո վրա ես վերցնում այն պատասխանատվությունը, որի մասին քիչ առաջ ասացի, իսկ եթե մասնակցում ես, որ պայքարես, ապա պետք է հստակ ասվի՝ հերթական անգամ կեղծելուց հետո որոնք են լինելու քայլերը: Թեկնածուները պետք է շատ հստակ պատասխանեն այս հարցերին և հասկանան, որ ժամանակները փոխվում են, և մարդկանց գիտակցությունը նույնպես փոխվում է: Կարծում եմ, որ թեկնածուներից ոմանք ցանկանում են իրենց մասնակցությամբ հող նախապատրաստել իրենց ապագա քաղաքական գործունեության համար, սակայն նրանք պետք է նաև մի այլ տարբերակ էլ քննարկեն, որ նման ընտրություններին մասնակցության հետևանքով նրանք կարող են այնպես հեղինակազրկվել, որ այլևս ստիպված լինեն իսպառ հրաժարվել հրապարակային գործունեությունից: Ո՞րն էր ՀԱԿ-ի վերջնական քայքայման պատճառը. իշխանությունների հետ երկխոսություն սկսելն էր, որով նրանք ճանաչեցին մարտի 1-ից հետո ստեղծված իրողությունը: Դա ոչ միայն քաղաքական, այլև բարոյական ֆիասկո էր: Նույնը կատարվում է հիմա: Կրկնում եմ, նման ընտրություններին մասնակցելը նույնպես «երկխոսության» ձև է, դրանից բխող հետևանքներով հանդերձ:
Ստեփան, այնուամենայնիվ, ընտրությունները իշխանությունը փոխելու միակ միջո՞ցը չեն:
Այն ընտրությունները, որոնք իրականում գոյություն չունեն, և ոչ ոք անգամ չի կասկածում, որ դա այդպես է, չեն կարող իշխանության փոխելու միջոց հանդիսանալ: Ընդհակառակը, նման ընտրություններին մասնակցելը հենց իշխանություն չփոխելու միջոց է: Նման մասնակցությունն օրինականացնում է իշանությանը: Նման միջոցառմանը չմասնակցելը հենց կնպաստի երկրում նոր քաղաքական իրավիճակի ստեղծմանը:
Ո՞րն է այսօրվա քաղաքական օրակարգը՝ մարդկանց վերադարձնել ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը: Դա կուսակցական գործընթաց չէ, դա իրավունքի համար պայքար է, որը ենթադրում է այլ ձեւաչափ, եւ դրա համար պետք է առաջին քայլը՝ հրաժարվել նման միջոցառումներին մասնակցելուց:
Ի՞նչ է լինելու փետրվարի 18-ից հետո, ըստ Ձեզ, հնարավո՞ր է նոր էլիտայի ձևավորում:
Ամեն ինչ կախված է մեզանից: Ցանկացած տարբերակում կստանանք այն, ինչին արժանի ենք: