Հաշմանդամ զինծառայողներին, առանձին դեպքերում նաև' զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարների չափերը 2014թ. օգոստոսի 1-ից կբարձրանան 5000 դրամով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարգևավճարը բարձրացվում է հետևյալ կատեգորիայի անձանց համար' Հայրենական մեծ պատերազմ ում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, Հայաստանում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք:

 

Պարգևավճարներ կստանան նաև աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ հետևյալ կատեգորիաների անձինք. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքների անդամները:

 

2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում կատարված օրենսդրական փոփոխության համաձայն' դրամական օգնությունը վերանվանվել է պարգևավճար, սոցիալական կենսաթոշակները վերանվանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ:

 

Օրենքով սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից: Ի տարբերություն դրա, մահացած զինծառայողի ընտանիքի անդամին պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում:

 

Օրենքի փոփոխություններով հստակեցվել է զոհվածի ընտանիքի անդամների կազմը. այն է' զոհվածի ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում' մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

 

Այս դրույթների մի մասն արտացոլվել է «ՀՀ կառավարության 20 11 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ: