Բենզինի և դիզելային վառելիքի գները 2014թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում մնացել են անփոփոխ: 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.3 և 2.2 տոկոսով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ' 2.2 և 2.1 տոկոսով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ոչ պարենային ապրանքների շուկայում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 0.3 գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի' 2 տոկոս, ոսկերչական ապրանքների'0.9 տոկոս, վառելիքի՝ 0.8 տոկոս, անձնապիտո ապրանքների՝ 0.8տոկոս, շինանյութերի' 0.7 տոկոս, այգեգործական ապրանքների' 0.6 տոկոս, գեղահարդարման ապրանքների՝ 0.4 տոկոս, գորգեղենի՝ 0.3 տոկոս, խոհանոցային սպասքի' 0.3 տոկոս, դեղամիջոցների'0.3 տոկոս, գրենական պիտույքների' 0.3 տոկոս գնանկումով:

 

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է լվացող միջոցների' 0.3 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների 0.4 տոկոս, տեքստիլեղենի՝ 0.5 տոկոս, մշակույթի ապրանքների' 4.0 տոկոս գնաճ, իսկ կահույքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 

Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.8-0.1 տոկոս գնանկում, իսկ մյուս 5-ում' 0.1-0.7 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.6 տոկոսով: