Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ը մի քանի ուղղություններով ԼՂՀ եւ ՀՀ դեմ դիվերսիոն գործողությունների ընթացքում փոխհրաձգության ժամանակ զոհվել են ադրբեջանական բանակի 8 զինծառայողներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը նաեւ նշել է, որ հուլիսի 31-ին տեղական ժամանակով ժամը 20:00-ին Ղազախի շրջանի ադրբեջանա-հայկական սահմանում հրազենային կրակոցից զոհվել է զինված ուժերի ենթասպա Իսա Զիյադ Օղլու Ալմազովը (ծնվ.1977 թ.): Ի. Ալմազովը զինծառայության էր կանչվել Ղազախի շրջանից:

APA-ն հուլիսի 31-ին հայտնել էր, որ Աղդամի Չիրաղլը գյուղի մերձակայքում հրազենային վիրավորումից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Գարյաղլը Էլդար Օղլու Ահմեդովը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են նաեւ, որ դիվերսիոն գործողությունների ժամանակ բազմաթիվ զինծառայողներ վիրավորվել են: Մասնավորապես' minval.az-ը հայտնում է, որ 4 վիրավոր զինծառայողներ տարվել են Շամքորի զինվորական հոսպիտալ:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 2014 թվականի սկզբից մինչեւ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 62 զինծառայող, որոնցից 42-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 102 զինծառայողներ էլ վիրավորվել են: