Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքում 2014 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով իրականացվել եւ իրականացվում են մի շարք ծրագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Թթուջուր համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը, համայնքն ընդգրկվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրում, որը ենթադրում է համայնքի արոտների ջրարբիացում եւ գյուղտեխնիկայի ձեռքբերում:

Ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է 7.5 միլիոն դրամ, որի 50 տոկոսը ներդրվելու է կառավարության ու Համաշխարհային բանկի վարկային միջոցներից, 20-ը'Թթուջուր համայնքի բյուջեից, 30 տոկոսը ներդնելու է «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը:

Նախատեսվում է գյուղի արոտներում անասունների համար երեք խմոց տեղադրել: Երկուսի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ վերջինի աշխատանքները կավարտվեն օգոստոսի կեսին:

Ծրագրի շրջանակում արդեն ձեռք է բերվել MTZ-82 մեկ տրակտոր, մեկ հակավորող մեքենա եւ չորս ձեռքի հնձիչ: Նախատեսվում է ձեռք բերել եւս մեկ տրակտոր, երկու խոտ հավաքող մեքենա եւ երկու տրակտորին կցվող հնձիչ:

Թթուջուր համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է. այստեղ խնամվում է 1200 գլուխ խոշոր, 1600 գլուխ մանր եղջերավոր անասուն:

«Համայնքում անասունների գլխաքանակի աճ է արդեն նկատվում: Նախորդ տարվա համեմատ անասունների թիվն աճել է 10-15 տոկոսով: Այս ծրագիրը հնարավորություն կտա գյուղում զարգացնել նաեւ կաթի արտադրությունը»,- ասում է համայնքապետը եւ շարունակելում, որ այս տարին նպաստավոր չէ անասնակեր հավաքելու, կուտակելու համար: Սպասվում է հինգ հազար տոննա խոտի բերք, որը կբավարարի միայն գյուղում պահվող անասունների ձմեռացման համար:

Թթուջուր գյուղն ունի 649 հա վարելահող, 430 հա խոտհարք, 1700 հա արոտավայր եւ 107 հա այլ հողատարածքներ:

«Այս տարի գյուղում ո՛չ աշնանացան է կատարվել, ո՛չ էլ գարնանացան: Տրակտորների ձեռքբերումը կնպաստի նաեւ հողագործության զարգացմանը»,- հավելեց Վիգեն Սահակյանը:

Խոսրով Խլղաթյան