ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերից: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի ներկայացմանն ուղղված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Էլեկտրոնային առողջապահության նոր ցանցով սեպտեմբերից մենք պետք է սկսենք պիլոտային ծրագիրը, որում երեք բուժկենտրոն են ներգրավված լինելու' Գորիսի, Կապանի բուժկենտրոնները և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկան: Փորձարարական ծրագրի ընթացքում կտեսնենք այն խնդիրները, որոնց համար լուծումներ գտնելով' կկարողանանք հաջորդ տարի ունենալ բարելավված էլեկտրոնային առողջապահության ցանց»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնեց Արմեն Մուրադյանը:

Նախարարի խոսքով, միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրմամբ կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը, հասանելիությունը և արդյունավետությունը: «Նորագույն տեխնոլոգիական համակարգերի ներդրումն ուղեկցվում է որակի վերահսկման չափորոշիչների և մեխանիզմների ամրապնդմանը զուգահեռ: Այն կնպաստի իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նմազեցմանը»,-ասաց Արմեն Մուրադյանը: