Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության օրոք' 2004 թվականից մինչ այժմ այդ երկրում հարբեցողների թիվը մոտ 20 անգամ մեծացել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Քարշը» թերթը, նշված է ընդդիմադիր Ժողվրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի հարցապնդմանը Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուի պատասխանում:

Թուրք նախարարի պատասխանում նշվում է, որ եթե 2004 թվականին ալկոհոլային կախվածությունից բուժվելու համար բուժհիմնարկներ դիմել է 12756 մարդ, ապա 2012 թվականին նրանց թիվը կազմել է 227298 մարդ: Նախարարը նաեւ հայտնել է, որ ներկայում Թուրքիայում թմրանյութերից կախվածությունից բուժվողների թիվը կազմում է 90208 մարդ: Նրա խոսքով, նշված չարիքը հիմնականում տարածված է 18-24 տարեկանների շրջանում: