Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ:
Շնորհավորելով Մ. Սարգսյանին պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ նրա անցած ճանապարհը ծառայելու է ոչ միայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, այլ նաև Արցախի նույն ոլորտի զարգացմանը: Նա գոհունակություն է հայտնել երկու հանրապետությունների կոմիտեների միջև ձևավորված համագործակցության մակարդակից:

Մարտին Սարգսյանն իր հերթին հավաստիացրել է, որ ինքը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Արցախի գործընկերների հետ: ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կարլեն Պետրոսյանի մասնակցությամբ՝ նրանք քննարկել են Արցախում իրագործվող որոշ ընթացիկ աշխատանքների հետ կապված մանրամասներ:

Ա. Հարությունյանն այնուհետև ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հիմնադրման 15-ամյակի և գեոդեզիստի ու հողաշինարարի օրվա կապակցությամբ վարչապետի հուշամեդալով, պատվոգրերով և թանկարժեք նվերներով պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների: Իր շնորհավորական խոսքում կառավարության ղեկավարը կարևորել է մասնագիտության նշանակությունը Արցախում տարածքային կառավարման և տնտեսության արդյունավետության բարձրացման գործում:

Հանդիպմանը Մ. Սարգսյանը շնորհավորելով արցախյան գործընկերներին, իր ղեկավարած կառույցի կողմից նրանց է հանձնել հուշամեդալ և նշել, որ իրենք պատրաստ են աջակցություն ցուցաբերել կառույցի առջև ծառացած ցանկացած խնդրի լուծմանը: Նա ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներին է փոխանցել նաև ՀՀ վարչապետի շնորհավորական խոսքը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին