Բարեկարգվել եւ նոր տեսք է ստացել Արարատի մարզի Բուրաստան համայնքի գյուղապետարանի եւ մշակույթի տան 350 քմ տարածքով հարակից հրապարակը, որի համար պետբյուջեից ծախսվել է 3 մլն 200 հազար դրամ գումար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքապետ Աշոտ Թարվերդյանը, այդ աշխատանքների համար բերվել է շուրջ 70 մեքենա գրունտ, կարմիր ավազ' 60-70 սմ-ով բարձրացվել հրապարակը, բետոնա պատվել եւ սալիկապատվել, ինչի շնորհիվ, ինչպես երբեւէ, հրապարակը ստացել է հարթ, բարեկարգ եւ գեղեցիկ տեսք: Հանգստի գոտում տեղադրվել է յոթ նստարան, հարդարվել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքը:

 

Հրապարակի տարածքում տեղադրվել են 70 կծոխուրի թփեր(բարբարիս), 100 կապույտ եւ սպիտակ վարդի թփեր, երկու հուդայածառ եւ եղեւնիներ: «Էյ Թի Փի» ամերիկյան ընկերությունը համայնքին նվիրել է 400 ծաղկի տնկիներ:

 

Թարվերդյանը նշեց, որ արդեն սկսվել են մարզահրապարակի կառուցման աշխատանքները' վոլեյբոլի եւ բասկետբոլի համար, որտեղ երիտասարդները կանցկացնեն իրենց ազատ ժամանակը: Աշխատանքներն իրականացվում են համայնքի' մասնավորապես երիտասարդների ուժերով: Ամենափոքրիկների համար ցանվել է սիզամարգ:

 

Ուշադրությունից դուրս չեն մնացել նաեւ տարեցները, որոնց համար տեղադրվել է անձրեւից, քամուց եւ արեւից պաշտպանող հատուկ տաղավար' հարմարեցված նարդու, շաշկու խաղերի, զրույցների համար: Ընդգծենք, որ այս ամենով համայնքապետը նպաստում է տարբեր սերունդների շփումներ ի սերտացմանը: Համայնքում գործում են «Բուրաստան» պարի համույթը, երգչախումբը:

 

Համայնքապետի պարզաբանմամբ, համայնքը գտնվում է Երեւանից դեպի մարզկենտրոն Արտաշատ տանող գլխավոր ճանապարհի վրա, եւ երբեք չի ունեցել բարեկարգ կանգառ: Նախատեսված է առաջիկայում տեղադրելմիջազգային չափանիշներին համապատասխան' արեւից, անձրեւից եւ քամուց պաշտպանող կանգառ, որը կունենա նաեւ համապատասխան նսարաններ:

 

Անդրադառնալով համայնքի խնդիրներին' համայնքապետը նշեց, որ բարձիթողի է գերեզմանների վիճակը: Տարիներ շարունակ տարածքները բնակիչներին են տրամադրվել առանց չափագրման: «Ով ինչքան ցանկացել եւ որ տարածքը հարմար է համարել, սեփականացրել է»,- ցավով նշեց համայնքապետը' հավելելով, որ այնտեղ տնկված թփերի եւ ծառերի համար չկա նաեւ ջրագիծ, իսկ տարածքը, մեղմ ասած, վերածվել է աղբանոցի, նաեւ կենդանիների համար արոտավայրի:

 

Թարվերդյանի խոսքով, իր համայնքապետ լինելուց ի վեր' 2012թվականից, համայնքի առաջնահերթ խնդիրներից մեկը համարում է գերեզմանոցների հարցի կարգավորումը: Նախատեսում է նոր գերեզմանոցի համար հատկացնել տարածք, իսկ հողատարածքները բնակիչներին տրամադրել համապատասխան գծագրերով: Նոր տարածքում անպայման կպահպանվեն անցուղիներն ու փողոցները:

 

Լիլիթ Մաճկալյան