Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը ցավակցություն է հայտնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ, ինչի մասին դիվանագետը գրել է twitter-ի իր էջում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haqqin.az-ը' դժգոհություն հայտնելով ադրբեջանական հասարակությանը ցնցած այդ մեծաթիվ կորստի մասին մինչ այ ժմ պաշտոնական արձագանքներ չլինելու առթիվ:

 

«Տեղեկատվություն է գալիս զորքերի շփման գծում մեր ադրբեջանցի եղբայրների զոհվելու մասին: Ես ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանքիներին», -նշել է Թուրքիայի դեսպանը:

 

«Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ, ընդհանրապես, Պաշտպանության նախարարությունը դեռեւս ոչ մի կերպ չեն արձագանքել 1994 թվականին զինադադարի ռեժիմ հաստատվելուց պահից ի վեր ադրբեջանական բանակի խոշորագույն կորստի մասին տեղեկատվությանը: Դրա հետ միասին' ադրբեջանական հեռուստաալիքները ոչ մի փոփոխություն չեն մտցրել իրենց հաղորդումների ցանցում եւ շարունակում են եթերեային օրը երգերով եւ պարերով», -դժգոհում է haqqin.az-ը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են հուլիսի 31-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակի 9 զինծառայողների եւ Ղազախի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանում եւս երկու սպաների զոհվելու մասին:

 

ԼՂՀ պաշտպանական բանակը հայտնել է, որ հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, կրելով բազմաթիվ կորուստներ' հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: