Իսրայելական հարձակման հետևանքով Գազայի հատվածում օգոստոսի 1-ին 20 պաղեստինցի է զոհվել, կան նաև տասնյակ վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այսպիսով խախտվել է ՄԱԿ-ի հայտարարած 72-ժամյա զինադադարը, որը ուժի մեջ էր մտել առավոտյան ժամը  8-ից:

 

Պաղեստինյան կողմը պատասխան կրակ է բացել: Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է 30 և վիրավորվել ավելի քան 200 մարդ: Ռմբակոծվել են Ռաֆահ քաղաքի Նասր, Մատար, Բալբիսի, Բույուք թաղամասերը:

 

Իսրայելական լրատվամիջոցներն իրենց հերթին տեղեկացրել են, որ երեք հրթիռ է արձակվել Աշքուլի ուղղությամբ:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 31-ի երեկոյան իսրայելցի 5 զինվոր են զոհվել Գազայի հատվածից հրթիռակոծության հետևանքով: Արդեն իսկ իսրայելցի զոհված զինծառայողների թիվը հասել է 61-ի, բացի այդ զոհվել են ևս 3 քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ Թայլանդի քաղաքացի: Իսրայելը 24 օրվա ընթացքում հարվածել է Գազայի հատվածի 4370 նպատակակետերի ուղղությամբ:

 

Հուլիսի 8-ից մինչև այժմ պաղեստինցի զոհերի թիվը կազմել է 1437, ևս 8265-ը վիրավորվել են: Իսրայելի' հուլիսի 8-ից սկսած ռազմական գործողությունները Գազայի հատվածում համարվել են ամենաարյունալին: 2008-2009թթ. ռազմական գործողությունների հետևանքով զոհվել էր 1417 և վիրավորվել 5303 մարդ: