1974 թվականին այս օրը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը լիազորեց Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին ստեղծել «Կանաչ Գիծը», որով Կիպրոսը բաժանվեց երկու մասի: Իր գոյության հազարամյակների ընթացքում Կիպրոսը շատ քիչ է եղել անկախ՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակից գտնվելով ասորեստանցիների, խեթերի, եգիպտացիների, պարսիկների, Ալեքսանդր Մակեդոնացու փոխարքաների, հռոմեացիների գերիշխանության տակ։ 7-րդ դարում այն զավթել են արաբները, 12-րդ դարում՝ խաչակիրները, իսկ 1571թ-ից՝ օսմանյան թուրքերը։

 

1878թ-ին Արևմտյան Հայաստանում Ռուսական կայսրության առաջխաղացումը դիմագրավելու նպատակով Կիպրոսը զավթել են անգլիացիները, որոնց տիրապետությունն այնտեղ տևեց մինչև 1960 թ-ի օգոստոսի 16-ը, երբ Կիպրոսը հռչակվեց անկախ հանրապետություն և 1961-ին դարձավ Ազգերի Համագործակցության անդամ հանրապետություն։ Բայց անկախություն ստանալուց հետո էլ Կիպրոսը չձերբազատվեց գաղութային կապանքներից, քանի որ Անգլիան այնտեղ պահպանում էր իր ռազմական խարսխակայանները և Հունաստանի ու Թուրքիայի հետ հանդես էր գալիս կիպրական պետության «երաշխավոր»։ Կիպրոսի բնակչության մեծամասնությունը' մոտ 80 տոկոսը հույներ են, որոնց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 3 հազար տարի առաջ, 18 տոկոսը թուրքեր են, որոնք այստեղ մուտք են գործել 16-րդ դարում։ Հունաստանի հետ հույն-կիպրացիների միավորմանը շարունակաբար խոչընդոտել է կղզու փոքրաթիվ թուրքական համայնքը:

 

 

1974-ին, կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո, Թուրքիան պարզապես նվաճեց Կիպրոսի հյուսիսարևելյան մասը և այնտեղ հռչակեց այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որին մինչև օրս, բացի Թուրքիայից, ոչ մի երկիր չի ճանաչել։ Այդ պատճառով հազարավոր կիպրացիներ ստիպված եղան տեղահանվել և «անկախ» թուրք-կիպրական կարավարություն կազմվեց կղզու հյուսիսում։ Այդ իրադարձությունները և ստեղծված քաղաքական իրավիճակը տակավին դժվարություններ են պատճառում։

 

Կիպրոսի Հանրապետությունը, որն աշխարհի երկրների կողմից ճանաչված պետություն է, գերիշխանության պահանջներ է հայտարարել ամբողջ Կիպրոս կղզու և շրջակա ջրերի նկատմամբ, բայց de facto կղզին բաժանված է չորս մասի' Կիպրոսի Հանրապետության վարչությանը ենթակա հարավային շրջանը, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» թուրքաբնակ ինքնակոչ «պետությունը» հյուսիսում, կղզու երկու հակառակ մասերը միմյանցից տարանջատող և ՄԱԿ-ի կողմից վերահսկվող «Կանաչ Գիծը», բրիտանական գերիշխանության տակ գտնվող Ակրոտիրի և Դեկելիա ռազմական բազաների տարածքը: