Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ օգոստոսի 1-ից լույս 2-ի գիշերվա մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական բանակը 4 զինծառայող է կորցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է նաեւ զոհերի անունները' ենթասպա Փարվին Սալահադին օղլու Ալիեւը, կրտսեր ենթասպաներ Ռահիլ Աֆսար օղլու Հուսեյնովը եւ Էլչին Ռասիմ օղլու Ահմեդովը, պայմանագրային զինծառայող Սարխան Հեյրաթ օղլու Գուլիեւը: Ադրբեջանի ՊՆ հայտնել է եւս երեք զինծառայողների վիրավորվելու մասին' նշելով, որ «հակառակորդի դեմ խոշոր տրամաչափի գնդացիրներ եւ տանկային հրանոթներ են կիրառում»:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 1-ից լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ (Մարտակերտ) ադրբեջանական բանակը հերթական հետախուզական դիվերսիոն գործողությունն է ձեռնարկել: ԼՂՀ ՊՆ տեղեկության համաձայն' ադրբեջանական կողմից 7 վիրավորներներ կան:

ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ, վերջիններիս պատճառելով մարդկային եւ նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Հակառակորդը մարտադաշտում թողել է հատուկ նշանակության զենքեր եւ այլ տեխնիկական միջոցներ:

Ցավոք թեժ դիմակայության ընթացքում Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար նահատակվել է ՊԲ զինծառայող Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը (ծնվ. 1989 թ.):

ԼՂՀ ՊՆ հայտնել է, որ շփման գծի ամբողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը եւ հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը: