Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունիս ամսվա ընթացքում ավելացել է 0.13 տոկոսով (6 մլն 26 հազար դոլար) և կազմել է 4 մլրդ 556 մլն 900 հազար դոլար։ Ընդ որում, ընդհանուր պետական պարտքի կառուցվածքում նվազել է արտաքին պարտքի և ավելացել ներքին պարտքի չափը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապե տության արտաքին պետական պարտքը հունիսին նվազել է 15 մլն 7 00 հազար դոլարով' ամսվա վերջին կազմելով 3 մլրդ 850 մլն 400 հազար դրամ։ Արտաքին պարտքի հիմնական մասը՝ 3 մլրդ 373 մլն 200 հազար դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, իսկ Կենտրոնական բանկի պարտքը կազմել է 477 մլն 300 հազար դոլար։

 

Հայաստանի ներքին պարտքն հունիսի վերջին կազմել է 706 մլն 500 հազար դոլար' ավելանալով 21 մլն 7 հազար դոլարով։ Դրա հիմնական մասը՝ 671 մլն 700 հազար դոլար, բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պետպարտատոմսերին։ Արտարժութային պետպարտատոմսերը կազմել են 26 մլն 500 հազար դոլար, վարկերն ու փոխառությունները' 6 մլն դոլար, իսկ ներքին երաշխիքները' 2 մլն 300 հազար դոլար։