Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման դեպքեր: 2014 թվականին արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով թունավորման
20 դեպք' 29 տուժածով, այնինչ 2013թ. նույն ժամանակահատվածում գրանցվել էր 16 դեպք' 24 տուժածով:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում' թունավորվածների կողմից հավաքված սնկերի սննդում օգտագործելու պատճառով:


Թունավորման նախնական ախտանիշերն են սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի
խանգարումներ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում չհավաքել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր, սունկ գնել միայն շուկայից և խանութներից' իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:


Առողջապահության նախարարությունից զգուշացնում են, որ երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սունկ օգտագործել:
Ցանկալի չէ նաև սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման: