Հունշիյան գյուղի մերձակայքում (Չինաստանի հարավ - արևմուտքի Յունանի նահանգ, Լուդյանի գավառ) օգոստոսի 3-ին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով հուժկու սողանքից հետո լեռնային գետը լիճ է գոյացրել: Ափերից ջրի դուրս գալն սպառնում է տեղի 800 բնակիչների: 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Կատարվում է գյուղի բնակչության տարահանում: Վերջին տվյալներով՝ 6,5 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 380-ը, ևս շուրջ երկու հազարը վիրավորվել է: Տարերքի հարվածի հետևանքով քանդվել է ավելի քան 12 հազար շինություն, ևս 30 հազարը վնասված է: Որոշ բնակավայրեր վերածվել են ավերակների, հաղորդում են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները: Փլատակների տակ, նշում են ականատեսները, մնում են զոհվածների մարմիններ: Այժմ տուժած շրջաններում փլվածքների մաքրման աշխատանքներին մասնակցում են շուրջ 10 հազար զինվորականներ, ոստիկաններ, հրշեջներ: Աղետի գոտում փրկարարների աշխատանքը բարդացնում են կրկնական ցնցումները: Երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 12 կիլոմետր խորության վրա, էպիկենտրոնը գտնվում է Չժաոտուն քաղաքից 23 կիլոմետր դեպի հարավ - արևմուտք, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: