Տրապիզոնի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրքեը, ում անունն անցնում է Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով, թուրքական «Բուգյուն ԹՎ» հեռուստաալիքի «Կենտրոնական քաղաքականություն» ծրագրի ուղիղ եթերում անուղղակիորեն հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղյակ է եղել Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով Էրդողանի կարգադրությամբ Թուրքիայում բազմաթիվ ոստիկանների ձերբակալություններին, Աքյուրեքը խոսել է Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձի հետ կապված «Էրգենեկոն» դատական գործից մինչեւ Հրանտ Դինքի սպանության նման կարեւոր թեմաներից: Նշելով, որ իրավապահ կառույցները մշտապես գործել են Էրդողանի հրամանով, Աքյուրեքը հայտարարել է, որ Էրդողանը նախապես տեղյակ է լինում ամեն ինչին: Նա չի բացառել, որ իրեն եւս կարող են ձերբակալել' կապված անցյալում հենց Էրդողանի իմացությամբ կատարած գործերի համար:

 

 

«Ամեն հանձնարարություն տրվում է նախարարի (ՆԳՆ) կողմից, սակայն, վարչապետի տեղեկացված լինելուց հետո միայն: Դատավորը, դատախազը, բոլորը կատարում են իրենց պարտականությունները: Մեր վարչապետը ցանկանում է, որ այս հարցերում մենք ենթարկվենք իրեն, դե ես էլ արել եմ այն, ինչ եկել է վարչապետից», -ասել է նա: Աքյուրեքը խոսել է նաեւ ոստիկանության հետախուզության արխիվներում Հրանտ Դինքի սպանության գործով որոշ փաստաթղթերի ջնջվելու հետ կապված իրեն վերագրվող մեղադրանքների մասին: «Հրանտ Դինքը մեր երկրի արժեքներից էր: Մեր այդ արժեքը կորել է: Նրա սպանության մեջ ամենաշատ վնասը ես կրեցի: Թե Տրապիզոնի ոստիկանապետ, թե հետախուզական վարչության պետ լինելու ժամանակ բոլոր պատկան ատյաններին գրավոր տեղեկացրել եւ զգուշացրել ենք նրա դեմ մահափորձ նախապատրաստվելու մասին: Չէ որ նրա պաշտպանությունը ես չէ, որ պետք է ապահովեի: Եթե անգամ ես Տրապիզոնից եւ Անկարայից զգուշացումներ չանեի, Ստամբուլի ոստիկանությունը պարտավոր էր ապահովել նրա անվտանգությունը: Կարծում եմ, որ Հրանտ Դինքի սպանությունը հասարակ հանցագործություն չէ: Ես օրենքից դուրս ոչ մի գործողություն չեմ կատարել: Սա վարչապետի, նախարարի եւ ոստիկանապետի իմացությամբ կատարված գործ է», -պնդել է նա:

 

 

Ռամազան Աքյուրեքն անդրադարձել է նաեւ անվտանգության մարմինների կողմից իր հեռախոսը լսվելու մասին Էրդողանի արած հայտարարություններին:

 

 

«Հետախուզությունը չպետք է լսի վարչապետի հեռախոսը: Սակայն այն կարող էր լսել վարչապետի որդու հեռախոսը, ինչը նորմալ է, որովհետեւ վարչապետն անձեռնմխելի անձ է, իսկ նրա որդին' ոչ», -պարզաբանել է Տրապիզոնի հետախուզական վարչության նախկին պետը: