Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի տոնական  միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի օգոստոսի 5-ին կայացած առաջին
նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչությունից, համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են միջոցառումների նախապատրասության հետ կապված մի շարք  հարցեր:

 


Տոնական օրերին տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում և բոլոր շրջաններում: Կկազմակերպվեն պաշտոնական ընդունելություններ և պարգևատրման
արարողություն: Արցախի ուսումնական հաստատություններում 2014-2015 ուստարվա առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման օրվան. արիության դասին կմասնակցեն պատգամավորներ, կառավարության անդամներ, Արցախյան գոյամարտի վետերաններ:

 

Շուշիում կբեմադրվի Ա. Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան: Համերգային և մարզական միջոցառումներ և ժողովրդական զբոսահանդեսներ կկայանան մայրաքաղաքում և շրջկենտրոններում: Տոնական միջոցառումները կավարտվեն սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում' համերգով և հրավառությամբ:


Նիստի ավարտին Արթուր Աղաբեկյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվեց հանձնարարականներ' միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Տոնական ծրագիրն ամփոփելուց հետո կհաստատվի հանձաժողովի առաջիկա նիստում: