Հովիկ Աբրահամյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպե՞ս են՝ Aravot.am-ի հարցին այսօր ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը պատասխանել է. «Շատ հիանալի: Ես Հովիկ Աբրահամյանին երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ համարում եմ իմ մտերիմ ընկերը, և ես իրեն հարգում եմ: Իսկ ընկերների մեջ միշտ թյուրիմացություններ լինում են: Պետք է մեծահոգի լինել»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում Համլետ Հարությունյանի ելույթի՝ «Վարդան Օսկանյանին փուռը տալ» արտահայտությունը կրկնելու համար ամոթանք էր տվել լրագրողին՝ հորդորելով փողոցային խոսքեր չօգտագործել, իսկ ՀՀԿ-ական պատգամավորն էլ Հովիկ Աբրահամյանին ակնարկել էր, որ նրա քաշի չափ գիրք է գրել ու հորդորել հայերենին ավելի լավ տիրապետել՝ «հացի փուռը» չշփոթել «փուռը տալու» հետ:

Այսօր Համլետ Հարությունյանն արդեն զղջում էր, որ Հովիկ Աբրահամյանին այդպես է պատասխանել. «Ես սխալ եմ եղել: Ես չպետք է այդ բանն ասեի, որովհետեւ Հովիկ Աբրահամյանը ավելի շատ բան ունի իմ նկատմամբ արած՝ մարդկային, ընկերական: Տեսեք, ամիսներ է անցել: Ամենամեծ բանն այն է, որ մարդն իր սխալն ընդունի: Ես չպետք է դա անեի: Մենք ընկերներ ենք, իսկ ընկերները պետք է մեկը մյուսի նկատմամբ…ես իր ասածը չեմ ընդունում, բայց համենայնդեպս ինքը ինձանից նեղացել է և տեղին է նեղացել:

Գիտեք՝ ինչ կա, ես այդ զրույցը տհաճ բանով եմ հիշում, չեմ ուզում հիշեմ: Հովիկ Արգամիչն իմ ընկերն է: Ես իրականից իրեն շատ հարգում և ընդունում եմ, որովհետև մենք երկար ճանապարհ ենք գնացել, աղջիկ ջան, հո մենակ դա՞ չի: Մարդ է, ասենք, քո մտերիմ ընկերը մի քիչ քեֆով է լինում, քեզ վիրավորում է: Ասեց, էլի: Հաջորդ օրն էլ զանգում-ասում է՝ արա, կարո՞ղ է խմած եմ եղել, էշ-էշ բաներ եմ ասել»:

Լրագորղը ճշտել է՝ հիմա կարո՞ղ է Հովիկ Աբրահամյանը խմած է եղել, Համլետ Հարությունյանը պատասխանել է. «Չէէէ: Հովիկ Աբրահամյանը ըտենց չի ասել, ոնց որ ինձ մատուցել են: Ասել է ուղղակի՝ Համլետին հարցրեք: Ինքը որեւիցե բան չի ունեցել իմ նկատմամբ: Դե, հիմի ես գտնում եմ, որ այս պարագայում ես ճիշտ չէի: Եթե ես դա խոստովանել եմ իմ ընկերներին,ես շատ ազնիվ մարդ եմ, դուք գիտեք: Եթե նա իմ ընկերը չլիներ, լիներ քաղաքական ինչ-որ մի մարդ, կասեի՝ հա, լավ եմ արել, ասել եմ: Ես ուղղակի ափսոսում եմ այդ դեպքի համար: Մեր շտաբի պետն է, այսօր ժամը 4-ին էլ կանչել է խորհրդակցենք: Հետո ես քինախնդիր մարդ չեմ»: