Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցը կատարեց Վարդենիսի տարածքի Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Լուսակունք, խաչաղբյուր եւ Գեղաքար համայնքներ:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Լճավանում համայնքի բնակիչները բարձրացրին մկնանման կրծողների դեմ պայքարի, վարող համեմատաբար ծանր տեխնիկայի ձեռքբերման, արոտները ջրարբիացնող պոմպի հզորացման, աշնանացանի համար պետության կողմից սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութեր եւ սերմացուներ հատկացնելու, Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային ավտոճանապարհի հիմնանորոգման հետ կապված խնդիրներ:

 

Դրական պատասխան տալով առաջ քաշված խնդիրներին' մարզպետը հորդորեց լճավանցիներին' զարգացնել անասնապահությունը եւ հողագործությունը' դրանք վերածելով կայուն եւ եկամտաբեր զբաղմունքի: Ռաֆիկ Գրիգորյանն այստեղ հրատապ լուծում պահանջող խնդիրների շարքում առանձնացրեց գյուղի բնակչության համար արարողությունների սրահի հիմնումը, որի համար խոս տացավ պետական աջակցություն ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակում:

 

Արարողությունների սրահը, նախնական պայմանավորվածության համաձայն, հիմնվելու է գյուղի կոնդենսատորների նախկին արտադրամասի շենքում, որի վերանորոգման համար պետության կողմից կհատկացվի համապատասխան գումար:

 

Մաքենիս համայնքում եւս բնակչությունն առաջ քաշեց մկնանման կրծողների դեմ պայքարի, ճանապարհի հիմնանորոգման, տնազուրկ ընտանիքներին գյուղում բնակմակերես հատկացնելու, վարող ծանր տեխնիկա ձեռք բերելու, ոռոգման ջրի անխափան մատակարարման, դպրոցի պատուհանների եւ դռների փոխարինման, խմելու ջրի նորակառույց ջրատարի արտաքին ցանցի կիսատ մնացած հատվածն ավարտին հասցնելու համար միջոցներ հատկացնելու հետ կապված խնդիրները:

 

Մաքենիսի նորակառույց ջրատարի արտաքին ցանցի 1800 մետր երկարության անավարտ մնացած հատվածի կառուցման եւ ավարտման համար մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խոստացավ համապատասխան աջակցություն ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակում' նշելով, որ բարձրացված մյուս խնդիրներն իրենց լուծումը կստանան առաջիկայում, պատկան մարմինների հետ համագործակցությամբ:

 

Ախպրաձորում մարզպետը բնակիչներին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակում նախատեսվում է կառուցել գյուղապետարանի շենք եւ խմելու ջրատարի արտաքին կամ ներքին ցանց, որին որ նախապատվություն կտա համայնքի ընդհանուր ժողովը: Մարզպետը ախպրաձորցիներին խոստացավ նաեւ աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման, աշնանացանի համար պահանջվող քանակության սուբսիդավորված դիզվառելիք, սերմացուներ եւ պարարտանյութեր հատկացնելու ուղղությամբ: Մարզպետն այցելեց նաեւ Ախպրաձորի դպրոց եւ բուժկետ :

 

Լուսակունքում բնակչության կողմից առաջ քաշված խնդիրների մեջ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հրատապ համարեց գյուղի ոռոգման համակարգի մաս կազմող երրորդ կարգի ջրանցքի անավարտ մնացած 300 մետր երկարության հատվածի կառուցումը, որի համար խոստացավ համապատասխան աջակցություն:

 

Լուսակունքում բնակիչներին առավել հուզում էր խմելու ջրի խնդիրը, որը ստացվում է Լճավան գյուղի տարածքի աղբյուրներից եւ մինչեւ գյուղ հասնելը չի բավարարում որոշ թաղամասերի տնտեսությունների կարիքները: Մարզպետը խորհուրդ տվեց գումարել համայնքի ընդհանուր ժողով եւ որոշում կայացն ել' ջրամատակարարման համակարգը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարմանը հանձնելու համար, որի շրջանակում է նա տեսնում գյուղի ջրամատակարարման ներքին ու արտաքին ցանցերի նորոգման, շուրջօրյա ջրամատակարում ապահովելու հեռանկարը:

 

«Քանի դեռ կա նման հնարավորություն, վարկային միջոցներ, պետք է օգուտ քաղել դրանցից: Հիմա մեր մարզի քաղաքային եւ գյուղական որոշ խոշոր համայնքներում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ ամբողջովին նորացվում են ջրամատակարարման համակարգերը, ուր կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում: Առանց սպասարկող կառույ ցի անհնար է պատկերացնել ջրի կառավարումը»,-խորհուրդ տվեց մարզպետը:

 

Խաչաղբյուրում մարզպետը լսեց համայնքի ղեկավարի եւ բանկիչների կողմից բարձրացված հարցերը եւ պետական աջակցություն խոստացավ գյուղի մշակույթի տան դահլիճի հիմնանորոգման, լիզինգով գյուղտեխնիկա, սուբսիդավորված դիզվառելիք, սերմացուներ եւ պարարտանյութեր ձեռք բերելու, նախակրթարանի բացման հետ կապված խնդիրներում: Այցելելով Խաչաղբյուրի բուժկետ եւ տեսնելով շենքային անմխիթար պայմանները' մարզպետը տեղում հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում դպրոցական շենքի տարածքից երկու սենյակ հատկացնել բուժկետի աշխատանքային պայմանների բարելավման նպատակով:

 

Գեղաքարում որպես հրատապ խնդիր առաջ քաշվեց գյուղի խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման ապահովումը եւ գյուղապետարանի շենքային պայմանների բարելավումը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը լսեց բնակիչներից մեկի բանավոր դիմումը' իր հնգամյա թոռանը պետպատվերի շրջանակում բուժելու խնդրանքով, ինչն անմիջապես լուծվեց մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկի ղեկավարության հետ հեռախոսային խոսակցությամբ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:

 

Այցի ավարտին մարզի ղեկավարը Ծովակի եւ Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրեններին հանձնարարեց յուրաքանչյուր ամսվա ընթացքում մի քանի անգամ լինել իրենց սպասարկման տարածքներում գտնվող գյուղական համայնքներում, կատարել հիվանդների ընդունելություն կամ այցեր, կազմակերպել առողջական խնդիրներ ունեցող մարդկանց բուժումը:

 

Խոսրով Խլղաթյան