«Վալլեքս» ընկերությունների խումբն աշնանը շահագործման կհանձնի Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որն իր արտադրողականության ծավալներով կզիջի միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: «Վալլեքս» ընկերությունների խմբի փոխտնօրեն Գագիկ Արզումանյանի խոսքով' կոմբինատի կառուցման նպատակով արդեն ներդրվել է 320 մլն ԱՄՆ դոլար, իսկ մինչ շահագործման հանձնելը այդ թիվը կհասնի 350 մլն դոլարի : «Նախատեսված է, որ ապրանքային արտադրության տարեկան ծավալը կտատանվի 180-200 մլն դոլարի սահմաններում' կախված մետաղների գներից, իսկ բյուջեի հարկային մուտքերը կարող են կազմել տարեկան առնվազն 10 մլն դոլար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Արզումանյանը:

 

Խոսելով հանքավայրի շահոգործման հետևանքով առաջացող բնապահպանական խնդիրների մասին' «Վալլեքս» ընկերությունների խմբի փոխտնօրենը վստահեցրեց, որ ներդրված են գերժամանակակից տեխնոլոգիաներ և բնապահպանական վնասները նվազագույնի են հասցվելու: «Մենք ջանում ենք ձեռնարկել բոլոր քայլերը, որպեսզի համալիրը համապատասխանի միջազգային չափանիշներին: Թեղուտի համալիրը զինված է գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք չեն կիրառվում Հայաստանի լեռնաքանքային արտադրություններից ոչ մեկում: Բացի այդ, 2008-2009 թվականներից հանքավայրի շուրջ անտառահատ մանը զուգընթաց տարվել են ծառատունկի աշխատանքներ, և Լոռու մարզում արդեն տնկվել է ավելի քան 300 հա ծառ»,- ասաց նա:

 

Հարստացուցիչ ֆաբրիկայում արդեն ավարտվել են հիմնական շինարարական աշխատանքները, մոնտաժված են բոլոր հիմնական սարքավորումները և կատարվում են դրանց կարգաբերման աշխատանքներ, ինչպես նաև՝ ենթակառուցվածքների, այդ թվում' հոսանքագծերի և տարբեր խողովակաշարերի, ոչ ստանդարտ սարքավորումների պատրաստման և մոնտաժման աշխատանքներ: Ընկերությունն ունի շուրջ 1200 աշխատակից: