Հայկական արտադրության տետրերը իրենց որակով չեն զիջում թուրքական տարբերակներին: Այս մասին օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը' Հայաստանի բնակչությանը հորդորելու նախապատվություն տալ հայրենական արտադրողներին:

 

«Մոտ մեկ շաբաթից Հայաստանում կսկսվի դպրոցին ընդառաջ առևտուրը, ինչը կբերի մանկական հագուստի և դպրոցական պարագաների գնի կտրուկ աճին: Սակայն քաղաքացիներից շատերի համար այդ գնումները ներկայացնում են բավականին մեծ դժվարություն՝ մեկ երեխային դպրոցին պատրաստելու համար առնվազն ծախսը սկսվում է 30 հազար դրամից», - նկատեց Կարեն Չիլինգարյանը: Նա նաև հավելեց, որ սեպտեմբերին ընդառաջ մոտակա տասը օրվա ընթացքում կսկվի դպրոցական պիտույքների և մանկական հագուստի առավել ակտիվ գնման ժամանակաշրջանը, ինչը կհանգեցնի գների կտրուկ աճի:

 

Հավելյալ ծախսերից խուսափելու համար Կարեն Չիլինգարյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց արդեն իսկ սկսել գնումներ կատարել: