Սոցիոլոգների հաշվարկներով այս տարի սեպտեմբերի 1-ին երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ուղարկելու համար Հայաստանի բնակչությունը կծախսի 7-10 միլլիոն դոլար: Այս մասին օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

 

«Երեխային մանկապարտեզ ուղարկելու համար ծնողին տարեկան միջին հաշվով անհրաժեշտ է մոտ 100 դոլարին համարժեք դրամ, որպեսզի երեխային երեք սեզոնների համար գնի հագուստ, իսկ դպրոց ուղարկելու համար ծնողին անհրաժեշտ է արդեն առնվազն 150 դոլար, այն դեպքում, երբ ընտանեկան միջին եկամուտը կազմում է մոտ 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ», - ասաց Ահարոն Ադիբեկյանը:

 

Սոցիոլոգը հավելեց, որ վերջերս Չարենցավանի քաղաքապետը բողոքել էր, որ ծնողները երեխաներին չեն ուղարկում մանկապարտեզ՝ պատճառաբանելով, որ ստիպված են օրական երկու հարյուր դրամ վճարել մանկապարտեզին: Սակայն, Ադիբեկյանի կարծիքով, իրականում ծնողները հնարավորություն չունեն երեխաներին պատշաճ հագուստով ապահովել:

 

Վիճակագրության համաձայն, 2012-2013 թթ. Հայաստանում գործող 1435 հանրակրթական հաստատություններ հաճախող երեխաների քանակը կազմում էր 368708 աշակերտ: Իսկ պետական մանկապարտեզների քանակը հանրապետւթյունում կազմում է 642, որտեղ հաճախում են 55711 երեխա: