Սերժ Սարգսյանը հերթական ծավալուն ելույթն է ունեցել ՊՆ-ում: Իշխանության վերին օղակների հետ հանդիպումն, ի տարբերություն ՀՀԿ համագումարի, կարելի է գնահատել ավելի ադեկվատ. նախ սա արդեն կոնկրետ պետական մակարդակի կազմակերպված հավաք է, առանց ընդգծված կուսակցականության:

Երկրորդ, անվտանգության խնդիրները թերևս կարելի է համարել Սերժ Սարգսյանի ամենաուժեղ կողմը, հաշվի առնելով վերջինիս փրոձառությունը անվտանգության համակարգերում և ոչ միայն: Սերժ Սարգսյանը քարոզարշավի նախօրեին ծավալուն ելույթ է ունենում, ենթադրվում է որ ոչ միայն ներքին լսարանի համար:

Հայաստանի անկախության տարիներից ի վեր երկրի հիմնական խնդիրներից մեկը մնացել է անվտանգությունը՝ իրավիճակային առումով ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը, ընդհանրական իմաստով Հայոց ցեղասպանությունը: Տարբեր ժամանակներում, տարբեր մակարդակներով հայաստանյան իշխանությունները անդրադարձել են այս խնդիրներին, այն դարձնելով ոչ միայն իրենց արտաքին քաղաքականության հենասյուները, այլև այդ խնդիրները օրակարգային առաջնահերթ դարձնելով ներքին քաղաքական կյանքում: Ավելի հաճախ այդ ամենն արվել է երկրի ներսում գոյություն ունեցող խնդիրները երկրորդելու ու ստվերելու համար, ու հաճախ դա ստացվել է : Պատերազմանական դիսկուրսը մշտապես եղել է առաջին տեղում Հայաստանում, ու դրա պատճառը ոչ միայն ղարաբաղյան կոնլֆիկտն է եղել, այլեւ այն, որ իշխանությունները գտել են երկրի ներսում արդյունավետ քաղաքական ինստիտուտները հիպերազգայնական ու պատերազմական գործելաոճով փոխատեղելու հնարավորությունը: Դրանից տուժել է երկրի ներքին կյանքը, նաև անվտանգության համակարգերի հանդեպ ընկալումներն աղավաղվել են ու դարձել խիստ ծայրահեղական:

Խնդիրն իրոք ունի որոշ էթիկական կողմեր. թե ղարաբաղյան կոնֆլիկտի պարագայում, թե հայոց ցեղասպանության խնդրի դեպքում հայությունը Հայաստանում ու Հայաստանից դուրս ունի արդեն որոշակի ընկալումներ ու ստերեոտիպեր: Այդ կարծրատիպերի առկայությունը կենցաղում, առօրյա կյանքում բնական են, մանավանդ երբ երկու խնդիրներն էլ միջազգային իրավունքով վերջնական ամրագրում չեն ստացել: Բայց քաղաքականության մեջ այդ ստերեոտիպերի ներմուծումն առավել քան վտանգավոր է:

Խնդրի բարոյական կողմը ընդամենը ներքին սպառման համար է: Արտաքին աշխարհում սեփական անվտանգությունը ներկայացնելու, սեփական խնդիրը ներկայանալի ձևակերպելու համար անհրաժեշտ են ոչ միֆական, էթիկական, այլ քաղաքական ձևակերպումներ: Ու այդ քաղաքական ձևակերպումները չպետք է անցնեն անտարբեր բարոյական խնդիրների կողքով: Ընդհակառակը, քաղաքականության հիմնական անելիքը գոյություն ունեցող բոլոր խնդիրներն այդ թվում բարոյական ռացիոնալ ձևակերպումների համակարգում ներկայացնելն է: Բարոյական կարող է լինել խնդրի բովանդակությունը, բայց ձևակերպումները, հատկապես եթե դրանք դուրս հանելու խնդիր կա, պետք է լինեն իրավաքաղաքական ռացիոնալության սահմաններում, որովհետև ցանկացած խնդիր հենց իրավունքի ու քաղաքականության շրջանակներում է լուծում ստանում:

Այս իմաստով, մեծ խնդիրներ կան Հայաստանում: Ադրբեջանական կողմի հետ որևէ խաղաղ փորձի մասին բարդ է խոսել ու օրինակներ բերել, այդ փորձը կամ պատերազմական է, կամ միջնորդավորված, վերջիններիս հետ մենք փաստացի դեռևս պատերազմի մեջ ենք, ու ցանկացած գնահատական մեր կողմից սուբյեկտիվ է արդարացիորեն: Բայց Թուրքիայի հետ հարաբերությունների կարճաժամկետ ընթացքը՝ կապված հայ-թուրքական հայտնի արձանագրությունների հետ, վեր հանեց ընկալումների ամբողջ համակարգը, որ կա ու կար թուրքերի ու Թուրքիայի հանդեպ: Հայաստանը պատրաստ չէր Թուրքիայի առաջ քաղաքական պահանջներ ձևակերպել, հետևաբար նաև տեր կանգնել այդ պահանջներին:

Միաժամանակ, գործընթացը վեր հանեց ավելի կարևոր խնդիր՝ քաղաքական մշակույթը Հայաստանում չէր հասցրել վերջնական իրավական ու քաղաքական ձևակերպումներ տալ ցեղասպանության ու հայ-թուրքական խնդրին, չէր հասցրել դրանք համակարգել ու ներկայացնել դիմացի ու մյուս կողմերին: Խնդիրը գոյություն ունեցող իրավիճակն իր բոլոր, այդ թվում բարոյական, մշակութային ու սոցիալական կողմերով քաղաքականացնելն է, նոր ձևակերպումներ տալը:

Սերժ Սարգսյանը ուժային կառույցների, անվտանգության համար պատասխանատու ինստիտուտների գործունեությանը քաջածանոթ մարդ լինելով, լավ է պատկերացնում այն խնդիրները, որոնք կան այդ ոլորտում: Նա նաև հստակ պատկերացնում է, որ համաշխարհային ինտեգրացիոն երկու բլոկներում մասնավորապես, ու ընդհանրապես արդիականացման իմաստով անհրաժեշտություն կա ուժային կառույցների ռեֆորմներ իրականացնել: Իսկ ուժային կառույցների խնդիրը Հայաստանում հակասական մեկնաբանությունների է ենթարկվում: Մի կողմից, բանակն ու մյուս ուժային կառույցները երկրի անվտանգության պատասխանատու գլխավոր օղակներն են, ու հաշվի առնելով Հայաստանի շուրջ տիրող իրավիճակը, շարունակում են այդպիսին մնալ: Մյուս կողմից, այդ հանգամանքը վերին, միջին ու ստորին բոլոր օղակների կողմից բազմիցս շահարկվել ու օգտագործվել է, արդյունքում հանգեցնելով մի իրավիճակի, երբ ուժային կառույցներն ունեն առնվազն հեղինակության ու վստահության խնդիր: Ընդ որում, այդ անվստահությունը նախևառաջ ներքին անվստահություն է: Հատկապես 2008 թ մարտի մեկից հետո պարզ դարձավ, որ ուժային կառույցներն «ամենախոցելին» են Հայաստանի վերափոխման ճանապարհին:

Այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք, որոշակի օբյեկտիվ նախահիմքեր ունի. Պատերազմական ճանապարհով կայացած, այդ ճանապարհին սեփական քաղաքականությունը ձևեակերպած երկիրը դատապարտված էր «միլիտարիզմի» քաղաքական հաղթանակին: Բայց միաժամանակ պարզ է, որ պետություն դառնալու համար միայն միլիտարիզմը բավարար չէ, որովհետև փոխվել է աշխարհը, փոխվել է Հայաստանը, փոխվել են պատերազմի կանոնները, անվտանգությունն էլ միայն խրամատում չէ, որ պաշտպանում են:

Այս իմաստով, Սերժ Սարգսյանի ելույթը կարելի է համարել կոնցեպտուալ առումով հետաքրքրական է. տրվող ձևակերպումներն ու գնահատականները, բարոյական հռետորաբանությունը քաղաքականի փոխակերպելու փորձերը, ինչպես նաև անվտանգության հասկացության ընդարձակումն առավել քան կարևոր են: Իհարկե, կասկածելի է վերցրած պատասխանատվության հետագա առարկայացումը, այն էլ ուժային կառույցների նման փակ համակարգերում, ու բնականաբար հայտարարված ծավալներով գործ անելը ոչ Սերժ Սարգսյանին, ոչ այլ մեկին չի հաջողվի: Բայց առաջին քայլն այս «կարծրացած» հարցում արված է՝ խնդրի շուրջ նախնական ու «նոր» ձևակերպումներն արդեն տրված են: