ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մոլորված հայ գյուղացուն որպես դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական կեղծիքը բացահայտում է մի քանի փաստարկներով: «Ինչպես միշտ հագցրել են իրենց համազգեստը, համազգեստը մերը չէ: Կամ ցույց են տալիս «Նոկիա» մի հին և «թույլ» հեռախոս, որով հնարավոր չէ նման նկարներ անել, իսկ ֆոտոներում 2003-2004-ի համազգեստներից է: Զենքերի մասով՝ մի հետ զենք չկար, որ փոշոտ կամ արյունոտ լիներ, եթե ասում են «դիվերսանտներից» են վերցրել, ինչպես մեր դեպքում էր: Դրանք լրիվ մաքուր, նոր զենքեր էին: Այս ամենը վատ սարքած շոու է»,- Times.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները' հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: «Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռեւս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել»,-ասաց Սաղոյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հայտնել էին, որ գերեվարված անձը 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանն է: «Արմենպրես»-ի ճշգրտող հարցին' Չինարիի գյուղապետը հստակ նշեց, որ գերեվարվածը Արտուշ Պետրոսյանի որդին է' Կարենը, ով 31 տարեկան է:

 

Երեկ նախ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին իբր գյուղացիները տեղեկացրել են, թե բռնված Չինարիի բնակիչը պատմել է, որ երեքով են եղել, սակայն, երկուսն ականի վրա պայթել են սահմանը հատելիս և միայն ինքն է կենդանի մնացել: Ավելի ուշ 31-ամյա գյուղացին ներկայացվեց 1989 թվականին ծնված «դիվերսանտ»՝ ասելով, որ խմբի մնացած արդեն 4 անդամը ոչնչացված են:

 

Այս ամենն ըստ էության, արվում է Քարվաճառ ներթափանցած իրենց հանցագործներին հետ ստանալու համար, քանի որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ նրանք գերի չեն կարող համարվել, ուստի փոխանակման կամ հանձնման մասին խոսք լինել չի կարող, նրանք ԼՂՀ և միջազգային օրենքների համաձայն պետք է խստորեն դատապարտվեն: