Ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացրած ապատեղակատվությունը, Կարեն Պետրոսյանի հագուստի, այնուհետեւ նկարների հետ կապված ողջ խեղկատակությունը ու նաեւ բեմադրությունները, թե գյուղացին դիվերսանտ է' արդեն փաստում էին, որ Ադրբեջանն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի Պետրոսյանը ողջ հայրենիք չվերադառնա: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ Կարեն Բեքարյանը փաստում է, որ գերուն սպանելը Ադրբեջանի համար նորություն չէ: «Ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկատվությունը տանում էր նրան, որ նրանք Կարենին սպանելու են: Ակնհայտ է, որ Կարենին սպանել են եւ սա հերթական անգամ փաստում Ադրբեջանի դիրքորշումը, ցույց է տալիս այդ երկրի իրական դեմքը: Ցավոք, սա առաջին անգամ չէ, երբ նրանք սահմանը հատած խաղաղ բնակչին ներկայացնում են որպես դիվերսանտ, այնուհետեւ սպանում: Ցավոք, սրանք են մեր հարեւանները»,- ասաց Կարեն Բեքարյանը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 7-ին Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»: Ըստ հաղորդագրության' նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական եւ պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները իբր պարզում են հայ գե րու մահվան իրական պատճառը:

 

Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները' հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: «Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռեւս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել»,-ասաց Սաղոյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հայտնել էին, որ գերեվարված անձը 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանն է: «Արմենպրես»-ի ճշգրտող հարցին' Չինարիի գյուղապետը հստակ նշեց, որ գերեվարվածը Արտուշ Պետրոսյանի որդին է' Կարենը, ով 31 տարեկան է:

 

Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանը հատած խաղաղ քաղաքացուն Ադրբեջանում սպանում են: 2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ քսանամյա Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր. հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ նա մահացել է բանտախցում՝ Բաքվում։ Մահից առաջ ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր թողարկում, որում Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը էր տալիս հեռուստաընկերության աշխատակցի հետ։ Նա խոստովանում էր, որ իբր լրտես է և ահաբեկիչ։ Սարիբեկյանի դին Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել նոյեմբերի 4-ին՝ փոխարենը Ադրբեջանին հանձնելով Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիևին։ Հայաստանում կատարված դատաբժշկական հետաքննությունը ցույց է տվել, որ Սարիբեկյանը ենթարկվել է կտտանքների: