Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նման հայտար արությամբ այսօր հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր խորհուրդը:

 

«Արդյունքները հայտնի են. հակառակորդը խստագույնս պատժվեց' հատուցելով տասնյակ զինվորների կյանքով, իսկ Ադրբեջանի ղեկավարը մնաց ձեռնունայն:

 

Մեր զինծառայողներն ապացուցեցին զինվորական պարտքին իրենց հավատարմությունն ու աննահանջ ոգին, ցուցաբերեցին հայրենասիության և խիզախության արժանի օրինակներ: Ցավոք, ունեցանք զոհեր: Մենք խոնարհվում ենք մեր զոհված հերոսների թարմ շիրիմների առջև և հպարտությամբ կպահենք նրանց հիշատակը մեր սրտերում:

 

Ադրբեջանն անթաքույց վարում է ուժի դիրքերից հանդես գալու քաղաքականություն, որը գնալով ավելի վտանգավոր դրսևորումներ է ունենում: Այլևս ժամանակն է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի և սաստի Ադրբեջանին: Պատմությունն արձանագրել է թողտվության և «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության ծանր հետևանքները: Այժմ դա չպետք է կրկնել»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պաշտպանության նախարարին առընթեր խորհուրդը ողջունել է հայրենիքի պաշտպանության և հայոց բանակին սատարելու գաղափարի շուրջ այս օրերին տեղի ունեցող հասարակական լայն համախմբումն ու համերաշխության դրսևորումը և պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայրենասիրական նախաձեռնությունների իրականացմանը: