Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրատան մոտ՝ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջելով ներողություն խնդրել նախօրեին հայերի հասցեին հերթական վիրավորական արտահայտությունը թույլ տալու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Ակցիայի մասնակիցները պարզել են Էրդողանի լուսանկարները, որոնց վրա գրված են եղել՝ «Ատելության գլուխը Էրդողանն է», «Ներողություն խնդրիր հայերից, Էրդողան», «Ուս ուսի՝ ընդդեմ ռասիզմի» և այլն: Ակցիայի կազմակերպիչ «Նոր զարթոնք» հասարակական կազմակերպության համանախագահ Սայաթ Թեքիրը լրագրողներին ասել է, որ Էրդողանի հայատյաց արտահայտությունները նորություն չեն իրենց համար:

 

Նրա խոսքով, Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարների նման ռասիստական հայտարարությունները նպաստում են ոչ մահմեդական համայնքների, եկեղեցիների և սինագոգների դեմ հարձակումներին:

 

Թեքիրն ասել է, թե ինքը չի ցանկանում, որ Թուրքիայի նախագահ դառնա նման մտածելակերպով Էրդողանը:

 

«Մենք՝ հայերս, որպես Թուրքիայում բնակվող ազգերից մեկը, նախընտրական հաշվարկներում գործիք չենք ուզում դառնալ և մերժում ենք մեր ազգայնական զգացմունքների շահագործումը», -ասել է Թեքիրը: Նա նաև նշել է, որ եթե Էրդողանը ներողություն չխնդրի, ապա հայերը դատի կտան նրան:

 

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Էրդողանին դատի տալու մասին հայտարարել է նաև ԺՀԿ Քոջաելիից ընտրված պատգամավոր Հուրշիթ Գյունեշը: Ըստ CNNTurk-ի՝ նա պնդել է, որ NTV-ում հայերին վիրավորելու փաստը վարչապետ Էրդողանի կողմից կատարված «լեզվական վրիպում չէ»: «Դա թշնամական պահվածք է», -ասել է նա և նշել, որ Թուրքիայի քրեական օրենսգրքով Էրդողանի այդ արտահայտությունը հանցագործություն է, և վարչապետը ատելություն դրսևորելու հանցանք է կատարել: Թուրք պատգամավորը հայտարարել է, որ դատական հայց են ներկայացնելու Էրդողանի դեմ:

 

Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությունն առաջացրել է թուրքական հասարակության որոշ շրջանակների զայրույթ ընդդեմ վարչապետի: Վերջիններս Էրդողանի խոսքը բնութագրել են ռասիզմ և վիրավորանք՝ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հասցեին: Իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները բազմիցս մեղադրել են Էրդողանին ռասիստական արտահայտություններ անելու և հասարակությանը միջէթնիկական և միջկրոնական բախումների հրահրելու մեջ:

 

Թուրքական NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» ծրագրի ուղիղ եթերում ելույթում Էրդողանը հայտարարել է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ները բազմիցս իր նկատմամբ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել՝ իրեն անվանելով հույն, վրացի, քուրդ և այլն: Ուղիղ եթերում նա ասել է, որ մի ժամանակ իրեն անգամ «հայ» են անվանել: Նշելով, որ ինքը թուրք է, Էրդողանն ասել է. «Մի քանիսն ինձ վրացի անվանեցին, նույնիսկ, ավելի կեղտոտ բաներ ասողներ եղան. ինձ հայ անվանեցին, ես հորս և պապիս կողմից թուրք եմ: Ծագումով Ռիզեից եմ, ծնվել եմ ‚ մեծացել եմ Ստամբուլում»:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանի հայրը ծագումով չերքեզ է, մայրը՝ հրեական խառնուրդով թուրք, նրա կնոջ հայրը ազգությամբ թուրք է, իսկ մայրը՝ արաբ: