ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին

 

Հարց. Այսօր Բաքվից հայտնեցին երեկ Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք։

 

Պատասխան. Ցնցված ենք Բաքվում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությամբ և մեր ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և մերձավորներին։

 

Երիտասարդ գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելը, զանազան ստորացումների ենթարկելը, որոնք հակասում են թե՛ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, թե՛ տարրական բարոյականությանը, զարհուրելի է և՛ իր էությամբ, և՛ ցինիզմի այն աստիճանով, որով դա մատուցվեց հանրությանը:

 

Նման բարբարոսական ոճը բնորոշ է հայտնի ահաբեկիչներին, որոնք սկզբում պատանդին տեսախցիկի առջեւ նվաստացնում են, հետո՝ սպանում: Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը՝ շարունակելով ոտնահարել համամարդկային արժեքները։