Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի ընթացքում կրկնվող սահմանային բախումներն ու լարվածությունը անտարբեր չեն թողել պաշտոնական Բաքվի «մեծ եղբորը»' Թուրքիային: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն միջսահմանային իրադարձությունների հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Հավատարիմ մնալով ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում պաշտոնական Անկարայի որդեգրած դիրքորոշմանը և սատարելով ռազմատենչ Բաքվի նկրտումներին' Դավութօղլուն Մամեդյարովին վստահեցրել է, որ «ցանկացած առումով Թուրքիան լինելու է Ադրբեջանի կողքին»:

 

Անդրադառնալով երկու երկրների սահմանին առկա լարվածության շարունակականությանը' Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, թե դրանք «Ուկրաինայում տեղի ունեցող ճգնաժամի տարածաշրջանային դրսևորումներն են»: