Հատուկ կարիքներ ունեցող եւ սոցիալապես անապահով 8-14 տարեկան կապանցի 50 երեխայի համար, որոնցից 30-ը սահմանափակ կարողություններով են, «Հույսի եւ հավատի օջախ» բարեգործական ՀԿ-ն օգոստոսի 1-10-ը կազմակերպել է ամառային բակային ճամբար:

 

Այն երկրորդ տարին է գործում է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում, որը, կազմակերպության նախագահ Մերի Ստեփանյանի խոսքով, ունի բոլոր հնարավորությունները' ճամբարի լիարժեք գործունեության համար: «Առավոտյան ճամբարը սկսվում է ժամը 11.00-ին' տողանով, որից հետո երեխաները նախաճաշում են: Այնուհետեւ կազմակերպում ենք ինտելեկտուալ խաղեր, սպորտլանդիաներ, որում ընդգրկում ենք անգամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:

 

Օրվա ընթացքում կազմակերպում ենք նաեւ միջոցառումներ, որոնց ժամանակ երեխաները երգում, պարում, ասմունքում են», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կազմակերպության նախագահ Մերի Ստեփանյանը:

 

Ճամբարականները կրում են միատեսակ հագուստ, ապահովված են սպորտային խաղերի համար անհրաժեշտ մարզագույքով: Անգամ հաղթող թիմերի համար սահմանված են մրցանակներ: Ճամբարում երեխաները ճաշում են, իսկ երեկոյան, ժամը 17.00-ին տուն գնալուց առաջ նրանց տրվում է ետճաշիկ: ճամբարի գլխավոր հովանավորը «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-նն է: «Գումարներ ենք ներդրել նաեւ կազմակերպության հովանավորի' «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ամենամսյա մուծումների խնայողություններից:

 

Ինչպես անցած տարի այս տարի եւս ճամբարին աջակցել է Կապանի քա ղաքապետարանը' տրամադրելով տրանսպորտային միջոց' «Մեկ օր բնության գրկում» միջոցառումն անցկացնելու համար», - ասաց Ստեփանյանը: Ճամբարին մշտապես աջակցում է նաեւ «Սլադկոֆֆ» ընկերությունը: Արդեն երրորդ տարին է, որ «Հույսի եւ հավատի օջախ» կազմակերպությունն իր շահառուների համար կազմակերպում է ամառային ճամբար, որի սաների թիվը տարեցտարի ավելանում է:

 

Գոհար Իսախանյան