Թուրքիայի բնակիչներն օգոստոսի 10-ին առաջին անգամ ուղղակի քվեարկության միջոցով ընտրում են երկրի 12-րդ նախագահին. մինչ այս երկրի նախագահն ընտրվում էր մեջլիսում անցկացվող քվեարկությամբ: Նախագահին երկրի 165 հազար 108 ընտրատեղամասերում կընտրի քվեարկելու իրավունք ունեցող 52 միլիոն 894 հազար 115 մարդ:

 

Թուրքիայի նախագահի աթոռին տիրանալու համար մրցում են երեք թեկնածուներ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը:

 

Ընտրությունները, որոնք մեկնարկել են Թուրքիայի ժամանակով 08:00-ին, կավարտվեն 17:00-ին: Թուրքիայի՝ արտերկրում բնակվող քաղաքացիներն արդեն իսկ կատարել են իրենց ընտրությունը, սակայն նրանց ձայները կհաշվարկվեն տեղական ընտրությունների ավարտից հետո միայն:

 

Նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները բարձրագույն ընտրական հանձնաժողովը կհրապարակի օգոստոսի 15-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չկարողանա հավաքել ձայների 51 տոկոսը, ապա ընտրությունները կտեղափոխվեն երկրորդ փուլ: Երկրորդ փուլում քվերակությունն արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիների համար հնարավոր կլինի օգոստոսի 17-ից մինչև 20-ը, իսկ Թուրքիայի ընտրատեղամասերում ընտրելու հնարավորություն կտրվի օգոստոսի 24-ին:

 

Մինչև Թուրքիայի ժամանակով 18:00-ն թուրքական հեռուստաընկերություններով և ռադիոյով արգելվել է որևէ հաղորդում, մեկնաբանություն կամ կանխատեսում՝ կապված ընտրությունների և դրանց արդյունքների հետ: Իսկ 18:00-ից հետո մինչև 21:00-ը կթույլատրվի հեռարձակել միայն բարձրագույն ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկությունները: Հետաքրքիր է, որ ընտրության օր՝ մինչև 24:00-ն, երկրում արգելվել է ցանկացած վայրում ալկոհոլի վաճառքը:

 

Չնայած վերջին ամիսներին Թուրքիան ցնցած կոռուպցիոն բացահայտմանը և այն մեծ աղմուկին, որը բարձրացել էր Էրդողանի անվան շուրջ, այդուհանդերձ ընտրություններից առաջ իրականացված բոլոր սոցհարցումների արդյունքներով միանձնյա առաջատարը ներկայիս վարչապետն է:

 

Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նա հենց առաջին փուլում կկարողանա հավաքել անհրաժեշտ քվեներն ու ընտրվել Թուրքիայի 12-րդ նախագահ: Էրդողանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ակնհայտ է, որ առաջիկա տարիներին էլ երկրի վարած քաղաքականությունը փոփոխություն չի կրի, իսկ ներկայիÕ ½ վարչապետը՝ արդեն նախագահի աթոռին նստած, մեկ քայլով ևս կմոտենա հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հեղինակությանը հասնելու իր մոլուցքին: