Ինքնաշատրվանող հորերը փականային ռեժիմի բերելու շնորհիվ տարեկան 11 միլիոն խմ ջուր կտնտեսվի: Դա թույլ կտա նվազեցնել Արարատյան դաշտում սակավաջրության հետևանքները և գյուղատնտեսներին ոռոգման ջուր հասցնել:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արարմայիս Գրիգորյանը' հավելելով, որ նախարարությունը պատրաստվում է ավտոմատացնել նաև ձկնաբուծական տնտեսություններոմ գտնվող խորքային հորերը: «Արտեզյան ջրերի անբարեխիղճ օգտագոտծումը կանխելու համար Կառավարությունը հետեւում է ապօրինի արտեզյան հորատանցքերի փակմանը: Այդ նպատակով 107 մլն դրամ է հատկացվել: Ծրագրի շնորհիվ հնարավոր է դարձել վայրկյանում 340 լիտր ջուր խնայել, ինչը տարեկան կազմում է 11 մլն», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը:

 

Մինչև հուլիսի 1-ը Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել են 19 և կոնսերվացվել' 26 հորատանցքեր' ընդհանուր 310 լիտր/վայրկյան ջրաքանակով: Բնապահպանության նախարարի խոսքով' Աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 38 մլն դրամ: «Բացի պետական աշխատանքներից, համայնքների և տնտեսվարող սյուբեկտների կողմից սեփական միջոցներով լուծարվել է 11,կոնսերվացվել' 34 և փականային ռեժիմի է բերվել 2 հորատանցք: Դրա շնորհին հնարավոր է դարձել խնայել 920 լիտր/վայրկյան ջուր»,- ասաց նախարարը:

 

ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման համաձայն' Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործովող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար բնապահպանության նախարարությանը հատկացվել է ավելի քան 107 մլն դրամ: